ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքը չի քննարկում Ուկրաինայում ճգնաժամի լուծման ռազմական հնարավորությունը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք պետք է հասնենք ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով հարթելուն, պետք է երկխոսության միջոցով առաջ գնալու հնարավորություն գտնենք, հենց սա է ճիշտ մոտեցումը»,- ասել է Ռասմուսենը:
«Կարծում եմ, որ առաջին քայլը պետք է լինի իրավիճակը մեղմելու նպատակով Ուկրաինայի հետ սահմանից զորքերի դուրսբերմանն ուղղված Ռուսաստանի գործողությունը: Մենք չենք քննարկում ռազմական հնարավորությունները, բայց, բնականաբար, ՆԱՏՕ-ն կենտրոնացած է մեր բոլոր դաշնակիցների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու վրա: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վստահ լինելու համար հավաքական պաշտպանության մեր համակարգի արդյունավետության հարցում»,- ասել է Ռասմուսենը:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ «ներկայում ռազմական ժամանակակից կարողությունների համար առաջնահերթ կարևոր են ներդրումները»: «Բնականաբար, դա տնտեսական մարտահրավեր է, բայց այդ միջոցներն ու ռեսուրսները կարող են խնայվել և ավելի արդյունավետ օգտագործվել տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, համատեղ ստորաբաժանումների ստեղծման դեպքում»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը մտադիր է ընդլայնել ռազմական ներկայությունը տարածաշրջանում:










































