ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստացած է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությամբ: Այս մասին նա ասել է ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանը և փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար:
Ուորլիքի խոսքով՝ վերջին շրջանում զինվորների զոհվելու և վիրավորվելու դեպքերը ցույց են տալիս, որ սա վտանգավոր հակամարտություն է, որում հաղթող չկա: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն և նրա բոլոր ինստիտուտները աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված համանախագահների ջանքերին: Ուորլիքի խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը: Կողմերը պետք է օգտագործեն այդ պահը և վճռական քայլեր ձեռնարկեն, որոնք կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին: Դրանք, նրա խոսքով, կարող են լինել վստահություն ստեղծելու, ժողովրդական դիվանագիտություն ծավալելու և ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու քայլեր: Ընդ որում, նա խոստացել է, որ համանախագահները դրա համար պատրաստ են տրամադրել ցանկացած օգնություն:
«Ես և մյուս համանախագահները մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք կողմերի՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերի վրա, որոնք պետք է հիմնվեն ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, վերջին 5 տարիներին նախագահների հայտարարություններում ընդգծված տարրերի վրա: Մեր չեզոքությունը շատ կարևոր է այդ գործընթացում»:
Նա նշել է, որ համանախագահները պարբերաբար այցեր են իրականացնում Լեռնային Ղարաբաղ և դա կշարունակեն նաև հետագայում: Այդ այցերը բացառիկ հնարավորություն են տալիս հասկանալ իրավիճակը:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, նա ասել է, որ նախագահները համաձայն են անհրաժեշտության դեպքում հետագայում ևս շարունակել բանակցությունները բարձր մակարդակով:
«Մենք ձգտում ենք օգնել նրանց համաձայնության գալ հանդիպման ժամկետի և վայրի հարցում, սակայն դա կախված է հենց նրանցից: Անցյալ տարվա նոյեմբերին Վիենայում նախագահների հանդիպումը կարևոր քայլ էր խաղաղության գործընթացում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի մոտ ապագայում շարունակենք այն հարցերի քննարկումը, որոնք բարձրացվել էին այդ ժամանակ»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:






































