ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային բաժիններում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապա-հովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակման, վճարման և վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ և կենսաթոշակների չափն ավել հաշվարկելով 2009-2010 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից անհիմն դուրս են գրել և վճարել առանձնապես խոշոր չափի գումար և յուրացրել:
Նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:
Հիշեցնենք, որ մայիս ամսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հարուցվել էր քրեական գործ նաև Երևան քաղաքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ, որը նույնպես ուղարկվել էր ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու:










































