Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի վերադառնա խաղադաշտ այս մրցաշրջանում: Դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել նաև այս ամռանը Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Իլկայը չի կարողանա խաղալ աշխարհի առաջնությունում: Նրա մեջքի վիճակը բարելավվում է, բայց ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի: Մենք պետք է սպասենք»,-Կլոպի խոսքերն է փոխանցում «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Գյունդողանին 2013 թվականի օգոստոսից տանջում են մեջքի ցավերը, մասամբ բորբոքված են նրա նյարդային վերջույթները:
Նշենք, որ «Մունդիալ-2014»-ը կմեկնարկի հունիսի 12-ին և կավարտվի հուլիսի 13-ին: Գերմանիայի հավաքակնի հետ նույն խմբում են հայտնվել նաև Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի ազգային հավաքականները:







































