Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Интерфакс գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Շատ ԶԼՄ-ներ գրում են, որ Կազանի հանդիպումը հաջողություն չի ունեցել, սակայն ես համաձայն չեմ դրա հետ։ Ես կարծում եմ, որ ձեռք է բերվել որոշակի առաջընթաց, և մենք կարող ենք հանգիստ հասնել խաղաղության համաձայնագրին։ Բաքուն պատրաստ է թեկուզ այսօր հայկական կողմի հետ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Ես ավելի շատ համաձայն եմ այն դիրքորոշման հետ, որ նախ, ինչպես արտացոլված է Կազանում նախագահների հայտարարության մեջ, տեղի է ունեցել մերձեցում և երկրորդ՝ մենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը, պետք է շարունակենք բանակցություններն առանց որևէ PR-ի, հիստերիայի, աշխատենք դիրքորոշումների մոտեցման վրա։
Ավելին, Ադրբեջանը շարունակում է հակված մնալ այն նույն դիրքորոշմանը, ինչպես որ 2010 թվականին Սոչիից հետո էր։ Մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել խաղաղության համաձայնագրի տեքստի մշակմանը։ Կազանը մեզ հնարավորություն ընձեռեց ավելի առաջ շարժվել։
Մենք հասկանում ենք, որ դեռևս կան չհամաձայնեցված տարրեր, սակայն դրանք ամեն դեպքում պետք է արտացոլվեն խաղաղության համաձայնագրում, և եթե իրականում կա բարի կամք, ապա եկեք անմիջապես աշխատենք դրա վրա՝ չսպասելով հիմնարար սկզբունքների վերաբերյալ բանակցային հաջորդ փուլին։
Հիմնարար սկզբունքները՝ որպես բազա, արդեն իսկ գոյություն ունեն, և հասկանալի է, թե որ ուղղությամբ ենք մենք առաջ շարժվում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
Հիմնարար սկզբունքների ներսում գոյություն ունեն չհամաձայնեցված դետալներ, ինչու եռապատկել սեփական ջանքերը՝ այդ տարրերի համաձայնեցման համար։ Եկեք անմիջապես աշխատենք խաղաղության համաձայնագրի վրա և ողջ աշխարհին ցուցադրենք մեր քաղաքական կամքը, որ մենք պատրաստ ենք աշխատել միանգամից իրավաբանորեն պարտադրող խաղաղության համաձայնագրի և ոչ թե քաղաքական փաստաթղթի վրա»։








































