Պակիստանը որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ամերիկյան ռազմական օգնությունից ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Vesti.ru կայքը՝ նշելով, որ այսպիսի կոշտ դիրքրոշմամբ են հանդես եկել պակիստանցի մի խումբ բարձրաստիճան զինվորականներ Իսլամաբադում անցկացված խորհրդակցությունից հետո: Երեկ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ կրճատելու է Կոնգրեսի կողմից տրամադրվող 2 միլիարդ դոլար օգնությունը 800 միլիոնով:
Սակայն այսօր նաև հայտնի է դարձել, որ Պակիստանի հետախուզական գործակալության ղեկավարը շտապ մեկնել է Վաշինգթոն՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ամերիկյան ռազմական օգնության կրճատման մասին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս պահին հայտնի չէ, թե որն է լինելու Ահմեդ Շուջա Փաշայի օրակարգը Վաշինգթոնում, սակայն ակնհայտ է, որ Շուջա Փաշան այստեղ է ժամանել՝ փորձելու կարգավորել երկկողմ հարաբերությունները, որոնք ծայրահեղ լարվել են այն բանից հետո, երբ ամերիկացիները Բեն Լադենին սպանելուց հետո պակիստանյան իշխանություններին մեղադրեցին նրան թաքցնելու մեջ:







































