Անցալ շաբաթ Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում էր իրավաբանական անձի կարգավիճակ շնորհել երկրում գործող կրոնական միություններին, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցուն, Վրաստանում զանգվածային բողոքի ալիք բարձրացրին, վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի ու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմի միջև լուրջ հակասությունների պատճառ դարձան:
Երեկ Վրաստանի խորհրդարանի նիստում փոփոխություններ կատարվեցին Քաղաքացիական օրենսգրքում` մասնակիորեն վերացվեց նախկինում կրոնական մի շարք համայնքների, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցուն տրված կարգավիճակը: Փաստորեն, այդ նոր փոփոխություններով կրոնական համայնքներն իրավունք են ստանում գրանցվել որպես կրոնական կազմակերպություններ, իսկ նախկինում տրված լայն լիազորությունները չեղյալ են համարվում:
Այս քայլով Վրաստանի իշխանությունների և Վրաց Ուղղափառ եկեղեցու միջև լարվածությունը թերևս մեղմվեց, սակայն դրա արդյունքում Հայ Առաքելական եկեղեցին չի կարող հանդես գալ օրենքով նախատեսված կարգավիճակով: Այսինքն` օրենքի պարզաբանման արդյունքում ընդունված օրենքն այլևս ուժ չունի, այն թույլ է տալիս փոքրամասնություններին միայն գրանցվել։
«Առաջին լրատվական»-ը 1993-1995 թթ. Վրաստանի փոխվարչապետ, 1995-2003 թթ. Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարաշվիլուն հարցրեց, թե կրոնական միությունների մասին օրենքը, դրան հետևած բուռն քննարկումները կարո՞ղ են լարվածություն առաջացնել Վրաստանի ու Հայաստանի միջև: «Չեմ կարծում: Ավելին`պետք է անել ամեն ինչ, որպեսզի նման լարվածություն չլինի Հայաստանի և Վրաստանի միջև»:
Մեր հարցին` ինչո՞վ է նա բացատրում Վրաստանի ընդդիմության պահվածքը ընդդեմ Վրաստանի իշխանությունների, քանի որ, այնուամենայնիվ, Վրաստանի նախագահը բավական համարձակ որոշում էր ընդունել, Մենաղարաշվիլ նկատեց. «Դե, չգիտե՞ք, թե ինչի համար գոյություն ունի ընդդիմությունը… Ընդդիմությունը ընդդիմություն չէր լինի, եթե բաց թողեր ևս մի հնարավորություն իշխանությունների քաղաքականությունը քննդատելու համար: Ես չեմ կարծում, որ ընդդիմության պահվածը սկզբունքային դարձավ այս գործընթացում»:







































