Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքներով 4 փաստաթղթեր են ստորագրվել: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Մասնավորապես, կողմերն իրենց ստորագրություններն են դրել երկու երկրների տարածքում Օրդուբադի և Մարազադի հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման գործում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ներքո:
Բացի այդ, ստորագրվել են համագործակցության միջգերատեսչական փաստաթղթեր երիտասարդության ու սպորտի բնագավառներին, արտակարգ իրավիճակների կառավարմանն ու օդերևութաբանական հարցերին առնչվող:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բանակցությունների արդյունքում մամուլի համար արված հայտարարությունում Ադրբեջանի նախագահը նշել է հիանալի հնարավորությունների մասին տնտեսության, ներդրումների և նավթագազային ոլորտներում երկու երկրների համագործակցության համար: Ալիևը նաև հավելել է, որ երկու երկրները հավելյալ ուղիներ կփնտրեն ռազմական ոլորտում համագործակցության խորացման համար:











































