Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որպես բողոք Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին «Կվադրիգա» մրցանակը շնորհելու որոշման դեմ, դուրս է եկել մրցանակի հոգաբարձուների խորհրդից: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Իր այս քայլը նա բացատրել է «ժողովրդավարության և իրավական պետության կառուցման» գործում Պուտինի ներդրման վերաբերյալ ժյուրիի հետ ունեցած տարամետ դիրքորոշումներով: Գերմանիայի կառավարությանը կից մարդու իրավունքների պաշտպանը Պուտինին «Կվադրիգա» մրցանակի շնորհումը երեկ ցինիզմ է անվանել՝ նշելով, որ նախագահ եղած ժամանակ Պուտինը զբաղվել է «ժողովրդավարության քանդմամբ», «ազատությունների սահմանափակմամբ» և «Ռուսաստանը գցել է կոռուպցիայի ճանկը»:
Տեղեկացնենք, որ «Կվադրիգա» մրցանակն անվանվել է այն քանդակի պատվին, որ դրված է Բրանդենբուրգյան դարպասների վրա: Այս մրցանակը ժամանակին շնորհվել է Գերմանիայի նախկին կանցլերներ Հելմուտ Քոլին և Գերհարդ Շրյոդերին, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին, Չեխոսլովակիայի նախկին նախագահ Վացլավ Հավելին և այլն: