ՌԴ Առաջին ալիքով ցուցադրվող «Բոլորից լավ» հեռուստաշոուի նոր թողարկման մասնակից է դարձել Հայաստանից ութամյա Լիանա Ուլիխանյանը:
Փոքրիկ հայուհու թավջութակի վարպետության դասին հաղորդավար Մաքսիմ Գալկինը հետաքրքրվել է գործիքի անվանումով: Աղջիկը պատասխանել է, որ հայերենում այն կոչվում է «տավդժուտակ» (հայերեն՝ թավջութակ), բայց նա անվանում է «տավդուչակ»:
Մաքսիմ Գալկինը նկատել է, որ հայերեն չիմացողի համար անհնար է որսալ տարբերությունը, ինչին ի պատասխան Լիանա Ուլիխանյանը կոչ է արել հայերեն սովորել:
Հայտնի թավջութակահարների մասին հարցին աղջիկը նշել է Ժակլին Դյու Պրեին, Նարեկ Հախնազարյանին և Սևակ Ավանեսյանին:
«Երեք ամենահայտնի թավջութակահարներից երկուսը հայեր են: Տարօրինակ է, թե ինչպես է այնտեղ ներթափանցել Ժակլին Դյու Պրեն… Դյուպրենյան»,- կատակել է Գալկինը:
Լիանա Ուլիխանյանը հավելել է, որ շարունակելու է թավջութակ նվագել, քանի որ երազում է ամբողջ Տիեզերքում հայտնի թավջութակահարուհի դառնալ: Ծրագրի ավարտին նա նվագել է նվագախմբի հետ հայտնի դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ժիլինի ղեկավարությամբ: