Մոնոպոլիաների դեմ պայքարի վրացական «մոդելը», որն իրագործվեց Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո, սկզբունքորեն տարբերվում է ժամանակակից եվրոպական կամ ամերիկյան մոդելներից: Անտեսելով արևմտյան գործընկերների «խորհուրդները»՝ Վրաստանում գնացին խնդրի լուծման ամենալիբերալ ճանապարհով՝ 2004 թ. պարզապես վերացվեց մոնոպոլիաների դեմ պայքարի կամ մրցակցության պաշտպանության համար ստեղծված պետական կառույցը:
Վրաստանի «Նոր տնտեսական դպրոցի» տնօրեն Պաատա Շեշելիձեի խոսքով՝ եվրոպական կառույցները մեղադրում են Վրաստանին չափազանց լիբերալ բարեփոխումներ իրականացնելու համար: «Այսօր, երբ մենք փորձում ենք հասնել ԵՄ երկրների հետ ազատ առևտրային հարաբերությունների, նրանք ասում են, թե մենք չենք կարող բացել սահմանները Ձեզ համար, քանի որ դուք չափազանց լիբերալ եք: Իրենց փաստարկման հիմքը ինքնին հակասական է, մենք ցանկանում ենք ազատ շուկայական հարաբերություններ հաստատել, իսկ իրենք ասում են դուք չափազանց ազատ եք: Նրանք պահանջում են փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսդրության մեջ, սկզբունքորեն փոխել հակամոնոպոլիստական պայքարի օրենսդրությունը»,- ասաց Պ.Շեշելիձեն: Ըստ նրա՝ իրապես ազատ շուկայում մրցակցությունը չի հանգեցնում մոնոպոլիաների ձևավորման: «Մինչև բարեփոխումները Վրաստանում կար ավանդական ամերիկյան և եվրոպական համակարգ՝ հատուկ գործող կառույց, որ ուղղված էր այս կամ այն խաղացողին պատժելով, ինչ-որ սահմանափակումներ կիրառելով: Այդ կառույցը չէր աշխատում, կոռուպցիայի մեջ խրված էր, ուշադրության և ֆինանսական միջոցների անտեղի վատնում էր ենթադրում: Նոր տնտեսական դպրոցը սկզբունքորեն նոր մոտեցում է առաջարկում: Այն ասում է՝ ազատ շուկայում հնարավոր չէ, որ ձևավորվի մոնոպոլիա: Մոնոպոլիաները ձևավորվում են միայն պետության հովանավորչության, նրա տված առավելությունների պատճառով»,- վստահ է տնտեսագետը:
Ըստ նրա՝ եթե նույնիսկ ազատ շուկայի պայմաններում ձևավորվում են մոնոպոլիաներ, ապա դրանց դեմ պայքարել պետք չէ: «Եթե իրական ազատ շուկայում հանկարծ ստացվում է այնպես, որ ինչ-որ մի ընկերություն զբաղեցնում է շուկայի, ասենք, 100%-ը, ապա դա նշանակում է, որ սպառողներն են այդպես որոշել, և ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել սպառողներին կայացնելու նման որոշում: Եթե, օրինակ, մենք որոշում ենք գնել միայն Coca-Cola և չգնել որևէ այլ տեսակի նմանատիպ ըմպելիք, ապա դա մեր որոշումն է, և ոչ ոք չի կարող մեր այդ որոշումը փոխել: Պետք է պարզապես պայքարել նրա դեմ, որ պետությունը շուկայում որևէ մեկին առավելություն չտա: Ես այնքան էլ գոհ չեմ նրանից, ինչ արվել է մեզ մոտ, որոշ խնդիրներ կան իհարկե, սակայն սկզբունքը ճիշտ է ընտրված»,- նշեց Պ.Շեշելիձեն:
Հարցին, թե արդյոք Վրաստանում այսօր կա՞ն մոնոպոլիաներ, Վրաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Վատե Լեժավան պատասխանեց, որ կան օլիգոպոլիաներ, որոնց բաժինը շուկայում, սակայն, գնալով նվազում է: «Կան որոշ շուկաներ, որոնք ավելի կենտրոնացված են, քան մյուսները: Եթե հարցնեք՝ այստեղ ո՞ր ոլորտում են մոնոպոլիաները, կպատասխանեն՝ բենզինի ներմուծումը: Եթե հարցնեք՝ քանի՞ ընկերություն կա այդտեղ, կպատասխանեն՝ առնվազն հինգ մեծ ընկերություն: Եվ եթե հարցնեք՝ քանի՞ ընկերություն կար այդ ոլորտում 5 տարի առաջ, կպատասխանեն՝ 3: Այսինքն՝ 5 տարի առաջ 3-ն էին, այսօր՝ առնվազն 5-ը: Իհարկե ցանկալի է, որ շուկան ավելի մրցակցային լինի: Բայց կան շուկաներ, որ կենտրոնացված են՝ կապված պատմության հետ, ենթակառուցվածքների հետ և այլն: Ես չեմ կարող չէ՞ 3 լիտր բենզին ներմուծել»,- ասաց Վ.Լեժավան՝ հավելելով, որ նմանատիպ իրավիճակ է նաև դեղագործության բնագավառում: «5 տարի առաջ եղել են 3 խոշոր ընկերություններ, որոնց կշիռը շուկայում, սակայն, գնալով նվազում է: Դինամիկան ցույց է տալիս, որ բոլոր շուկաներն էլ Վրաստանում գնալով ավելի մրցակցային են դառնում»,- վստահեցրեց վարչապետի խորհրդականը: Այնուամենայնիվ, վերջինիս խոսքով, Վրաստանի կառավարությունը մտադիր է ընդառաջ գնալ ԵՄ պահանջներին՝ ստեղծելով թեև թույլ լիազորություններով օժտված, սակայն մրցակցության պաշտպանության առանձին կառույց: Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հնարավոր լինի հասնել ԵՄ երկրների հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնության:








































