Վերաքննիչ քրեական դատարանում պետք է շարունակվեր հինգ ամբաստանյալների՝ Առաքել Մանվելյանի, Ռոբերտ Հարությունյանի, Վահե Հայրիկյանի, Գոռ Ավագյանի և Հովհաննես Աբգարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ 40-ամյա Առաքել Մանվելյանը հանցավոր համաձայնության է եկել 39-ամյա Ռոբերտ Հարությունյանի, Հովհաննես Աբգարյանի, 20-ամյա Վահե Հայրիկյանի և 17-ամյա Գոռ Ավագյանի հետ: 2011 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում նրանք կատարել են ավազակային հարձակման նախապատրաստություն և ավազակային հարձակումներ:
Մանվելյանը անչափահաս Գոռ Ավագյանից տեղեկացել է, որ Դրոյի փողոցի շենքերից մեկում բնակվող տարեց կինը 8 հազար դոլար արժողությամբ ոսկե զարդեր ունի:
Դրանք հափշտակելու նպատակով, նախապես համաձայնության գալով Հովհաննես Աբգարյանի հետ, 2011 թվականի հունիսի 11-ին, ժամը 19-ի սահմաններում վերջինիս պատկանող «Միցուբիշի» ավտոմեքենայով գնացել են մատնանշված փողոց:
Հագել են նախապես գնված ոստիկանական համազգեստ, ներկայացել են որպես ոստիկաններ և ապօրինի մուտք են գործել տուժողի բնակարան:
Տանտիրուհու՝ Վ. Թ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ՝ որպես զենք օգտագործված դանակի սպառնալիքով, կապկպել են կնոջը, կատարել ավազակային հարձակում՝ հափշտակելով 400 հազար դրամ, 100 եվրո կանխիկ գումար, 1 միլիոն 545 հազար 423 դրամ արժողությամբ ոսկե զարդեր՝ տուժողին պատճառելով 2 միլիոն դրամի գույքային վնաս:
Բացի դրանից, Առաքել Մանվելյանը Ռոբերտ Հարությունյանից տեղեկացել է, որ Նոր Նորքի բնակչուհի Ա. Կ.-ն Դուբայից Երևան է գալու՝ իր հետ բերելով 52 հազար դրամ:
Մանվելյանը Վահե Հայրիկյանի, Հովհաննես Աբգարյանի և անչափահաս Գոռ Ավագյանի հետ որոշել են ավազակային հարձակման եղանակով հափշտակել այդ գումարը, իսկ Հարությունյանին՝ որպես հավաստի տեղեկության աղբյուրի, խոստացել են հափշտակելիք գումարի տասը տոկոսը տալ:
2011 թվականի հուլիսի 24-ին, ժամը 16-ի սահմաններում Հովհաննես Աբգարյանին պատկանող մեքենայով գնացել են մատնանշված շենքի մոտ:
Հայրիկյանը, ըստ դերաբաշխման, կանգնել է շենքի մոտ՝ անցուդարձին հետևելու նպատակով, իսկ Մանվելյանը, Աբգարյանը և Ավագյանը մտել են մուտք, բարձրացել հինգերորդ հարկ:
Աբգարյանը, կանխազգալով, որ հնարավոր է՝ բռնվեն, իջել է բակ ու նույնպես ստանձնել տարածքը հսկողի պարտավորությունը:
Մանվելյանը և Ավագյանը, որ նախապես հագել էին «Բրաբիոն Ֆլորա սերվիս» ընկերության տարբերանշանով հագուստներ, խաբեությամբ՝ ծաղկեփնջի առաքման պատրվակով, ներկայացել են որպես «Բրաբիոնի» աշխատակիցներ, ապօրինի մուտք են գործել տուժողի բնակարան: Առաքելը վարդեր «առաքելու» պահին հանկարծ վերածվել է զուգագուլպայով ավազակի…
Տանտիրուհու և Ն. Ա.-ի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության՝ որպես զենք օգտագործված դանակի ու ատրճանակի տեսք ունեցող կրակայրիչի գործադրման սպառնալիքով Մանվելյանն ու Ավագյանը, ըստ դատական ակտի, ավազակային հարձակում են գործել, պահանջել 52 հազար դոլար:
Բայց հափշտակել են այն, ինչ եղել է՝ 600 դոլար, 3450 Էմիրաթների դիրհամ, 20 հազար դրամ կանխիկ գումար, 150 հազար դրամ արժողության մի զույգ ոսկե ականջօղեր, 110 հազար դրամ արժողության մեկ ոսկե մատանի, 370 հազար դրամ արժողության մեկ «Այֆոն» հեռախոս:
Իրենց հետ վերցրած կպչուն ժապավենով կապել են երկու կանանց ձեռքերը և հեռացել են դեպքի վայրից:
Նկատի ունենալով, որ Առաքել Մանվելյանը և Գոռ Ավագյանը տուժող Ա. Կ.-ի նկատմամբ ավազակային հարձակում գործելիս նպատակ են ունեցել հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 52 հազար դոլար, այդ նպատակը չի իրագործվել, այսինքն՝ ավարը ավելի քիչ է դուրս եկել՝ հանցագործություն կատարողների կամքից անկախ հանգամանքներով, ընդհանուր իրավասության դատարանը անհիմն է համարել պաշտպանական կողմի պնդումը, թե նրանց արարքը սխալ է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասով:
Դատարանը անհիմն է համարել նաև պաշտպանական կողմի պնդումը, թե Առաքել Մանվելյանը և Հովհաննես Աբգարյանը, մուտք գործելով առաջին տուժողի՝ Վ Թ.-ի բնակարան, տուժողի գույքին տիրացել են ոչ թե ավազակային հարձակման, այլ խարդախության միջոցով, որը հետագայում վերածվել է կողոպուտի:
Ըստ ամբաստանյալների՝ իրենք տուժողի նկատմամբ բռնություն չեն գործադրել, միայն կապել են, «զգուշությամբ» տեղավորել մահճակալի վրա:
Մանվելյանի ձեռքին դանակ եղել է, բայց նա այն չի օգտագործել, իսկ Աբգարյանը տուժողի գլուխը «հոգատար կերպով» ծածկել է սրբիչով:
Տուժողը, ըստ պաշտպանական կողմի, իր գումարներն ու զարդերը տվել է կամավոր:
Դատարանը, սակայն, ապացուցված է համարել, որ տարեց, միայնակ ապրող վատառողջ կնոջ նկատմամբ Մանվելյանի և Աբգարյանի դրսևորած վարքագիծը և նրանց կատարած գործողությունները տուժողի կողմից ընկալվել է որպես կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն:
Դատարանն անհիմն է համարել ամբաստանյալ Աբգարյանի «Միցուբիշի» ավտոմեքենան որպես հանցագործության առարկա բռնագրավելու՝ մեղադրողի միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ մեքենան ամբաստանյալների կողմից օգտագործվել է միայն որպես փոխադրամիջոց:
Դատարանում Առաքել Մանվելյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Հայտնել է, որ մի քանի տարի զբաղվել է բանջարեղենի առևտրով, այդ ընթացքում ծանոթացել է Հովհաննես Աբգարյանի հետ: Ճանաչել է նաև Հայրիկյանին ու Ավագյանին:
Ինքն ու Աբգարյանը ֆինանսական խնդիրներ են ունեցել: Ջերմոցներից գնած մրգի գումարները չեն կարողացել վերադարձնել, ու պարտքի դիմաց ջերմոցի սեփականատերը վերցրել է Աբգարյանի ավտոմեքենան: Իրենք փորձել են ամեն գնով մեքենան վերադարձնել:
Գոռն ասել է, թե իրենց հարևանը տոկոսով փող է տալիս, ասել է նաև, որ այդ շենքի մի բնակչուհի նախօրեին ինքնասպանության փորձ է կատարել:
Աբգարյանի հետ որոշել են գնալ տոկոսով փող տվող կնոջ տուն ու խաբեությամբ գումար վերցնել:
«Քրչի բազարից» ոստիկանական հազգեստ են առել ու գնացել այդ կնոջ տուն:
Ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ասել են, թե հարևանուհու ինքնասպանության փորձի հանգամանքներն են ցանկանում ճշտել, քանի որ հարևանուհին նրա անունն է տվել:
Իրենք ցանկացել են ոստիկանություն չտանելու խոստումով այդ կնոջից գումար վերցնել: Բայց երբ տեսել են, որ կինը շատ համառ է, որոշել են թալանել:
Ինքը չի հիշում, թե մոտը դանակ եղած լինի: Այդ պահին շատ լարված ու ջղայնացած էր: Հնարավոր է՝ դանակը հենց տուժողի բնակարանից է վերցրել:
Հաստատ հիշում է, որ դանակ չի օգտագործել, արյուն չի եղել: Տանտիրուհին վախից վատացել է: Ինքը նրան գրկած՝ տարել է, դրել մահճակալին: Ձեռքերը կապել են, դեղ ու ջուր են տվել: Հովիկը սրբիչը գցել է նրա գլխին: Հարցրել են, թե որտեղ են փողերը: Նա միանգամից ասել է ոսկեղենի ու փողի տեղը: Վերցրել են, ոստիկանական համազգեստները հանել, հագել են քաղաքացիական հագուստ և առանձին-առանձին դուրս են եկել բնակարանից:
Այդ մեկ սենյականոց բնակարանը չեն խառնել: Նույն օրը ոսկեղենը գրավ են դրել, անհրաժեշտ գումարը ստացել ու տվել են ջերմոցների տերերին:
Հետո Աբգարյանի հետ համաձայնության են եկել Ա. Կ.-ի բնակարանից գողություն կամ ավազակություն անելու վերաբերյալ:
Մի քանի օր գնացել են այդ շենքի բակ, հսկել են անցուդարձը:
Աբգարյանի ու Ավագյանի հետ որոշել են «Բրաբիոնի» առաքիչների անվան տակ բնակարան մտնել:
Այդ շորերով էլ գնացել են աղջիկների տուն:
Ինքն ու Գոռը՝ վերելակով, իսկ Հովոն ոտքով բարձրացել են: Հովոն սպասել է մուտքում, որ անհրաժեշտության դեպքում ներս մտնի:
Ինքն ու Գոռը թակել են դուռը, ասել, իբր Ա. Կ.-ի համար ծաղկեփունջ են առաքել:
Առաքման թերթիկը ստորագրելու համար տանտիրուհին ցանկացել է գնալ գրիչ բերելու, ինքը հրել է նրան, մտել բնակարան, ներսից փակել դուռը: Աղջիկները գոռգոռացել են, Գոռը փակել է պատուհանները:
Իրենց դեմքերին իջեցրել են կեպիների տակից նախապես հագած զուգագուլպաները:
Ավագյանը կրակայրիչ-ատրճանակը պահել է Ա.Կ.-ի վրա ու պահանջել գումար ու ոսկեղեն: Իրենք այդ բնակարան են մտել՝ ինչ-որ բան տանելու ակնկալիքով, ոչ թե կոնկրետ գումարի համար:
Աղջիկներն ասել են, թե գումար չունեն, քանի որ մի քանի օր առաջ են բնակարան գնել: Ցույց են տվել առուվաճառքի պայմանագիրը:
Իրենք էլ պահանջել են տանը եղած գումարն ու ոսկեղենը: Վերցրել են այն, ինչ տվել են աղջիկները: Այդ պահին զանգել է սեղանին դրված «Այֆոնը», Գոռը այն դրել է գրպանը:
Սեղանի վրայից վերցրել են ականջօղերն ու մատանին: Պոլիէթիլենային տոպրակ են ուզել, կպչուն ժապավենով կապել են աղջիկների ձեռքերն ու ոտքերը, իսկ ծաղիկներով զամբյուղը, իրենց հագի շորերը դրել են տոպրակների մեջ, վերջում քանդել են աղջիկների կապերը և հեռացել են:
Ճանապարհին դեն են նետել «Այֆոնը»:
Հաջորդ օրը Աբգարյանի հետ գնացել են ոսկու շուկա, վաճառել են ոսկեղենը, ստացել 200 դոլար և 3 հազար դրամ:
Աբգարյանի հետ որոշել են գնալ Վրաստան: Սահմանն անցնել իրեն չեն թողել՝ պատճառաբանելով, թե «Վիվասելի» հետ գումարային խնդիրներ ունի:
Վ. Թ.-ի բնակարան մտնելուց հետո ինքը Գոռին վերադարձրել է մի քանի օրվա աշխատանքի դիմաց չվճարած գումարը, մի քիչ էլ ավել փող է տվել, որ նա հետագայում որպես երեխա՝ տարբեր տեղեր «ավել-պակաս» չխոսի:
Հովհաննես Աբգարյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա ասել է, թե Ա. Կ.-ի բնակարանից ավազակային հարձակում կատարելու ընթացքում ամեն բան արել է, որ հանցագործությունը կանխվի:
Տեղյակ է եղել, որ Մանվելյանը ցանկացել է ամուսնության նպատակով հանդիպել Ա. Կ.-ի հետ: Ինքը նրան ասել է, թե այդ աղջիկը շատ լավն է նրա հետ ամուսնանալու համար:
Երբ մտել են բնակարան, ինքն իջել է մեքենայի մոտ, տեսել, որ մարտկոցը նստել է, տաքսիով հեռացել է: Զանգել է Մանվելյանին ու խաբել՝ ասելով, թե աղջկա մայրը գալիս է, թող շուտ հեռանան նրանց բնակարանից:
Իր կարծիքով՝ ինքը մեկ հանցանք է գործել իսկ երկրորդի ժամանակ ամեն ինչ արել է, որ կանխի: Դրա համար կամ մեղմ պատիժ պիտի ստանար, կամ պայմանական պիտի ազատվեր պատժից:
Ռոբերտ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ասել է, թե նախաքննական ցուցմունքները գրել է քննիչի թելադրանքով: Քննիչը խոստացել էր իրեն տուն թողնել, ինքն էլ վստահել է նրան: Ինքը Մանվելյանի հանցագործություններից տեղյակ չի եղել, պայմանավորվածություն չի ունեցել գողոնի տասը տոկոսը ստանալու վերաբերյալ:
Վահե Հայրիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը չգիտակցելով է մասնակցել հանցագործությանը: Նախաքննական ցուցմունքը ճիշտ չէ, գրել է քննիչի թելադրանքով, ով խաբել էր, թե երկու ամսից ազատ կարձակվի:
Տղաներն իրեն ասել են, թե գնում են Մասիվ՝ ինչ-որ աղջկա ծաղկեփունջ տանելու: Նստել է մեքենա, չի լսել, թե ինչ են խոսում մեքենայի մեջ: Վարդեր են գնել, երեքով մտել են շենք, ինքը մնացել է մուտքի մոտ կանգնած…
Գոռ Ավագյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Իմացել է, որ Վ. Թ.-ի բնակարանից գումար են գողացել, բայց ավազակային հարձակման մասին տեղյակ չի եղել…
Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել հինգ ամբաստանյալներին:
Առաքել Մանվելյանը և Հովհաննես Աբգարյանը վերջին հաշվով դատապարտվել են 9-ական տարի ազատազրկման:
Ռոբերտ Հարությունյանը և Վահե Հայրիկյանը վերջին հաշվով դատապարտվել են 8-ական տարի ազատազրկման, իսկ հանցագործության պահին անչափահաս Գոռ Ավագյանը՝ 8 տարի 3 ամիս ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել բոլոր ամբաստանյալների շահերի պաշտպանները:
Այդ բողոքները վերաքննիչ քրեական դատարանի նիստում չքննվեցին: Հերթական անգամ նիստը հետաձգվեց թարգմանի մասնակցության հարցը լուծված չլինելու պատճառով:
Գործով պետք է մասնակցի ռուսերենից հայերեն, հայերենից ռուսերեն թարգմանություն կատարող թարգման՝ Հովհաննես Աբգարյանի՝ հայերեն վատ իմացության պատճառով:
Նախորդ ամիս խնդիրն այն էր, որ դատական դեպարտամենտը պայմանագիր չէր կնքել թարգմանական ծառայություններ իրականացնող ընկերության հետ:
Հիմա կարծես թե պայմանագիրը կնքվել է: Նույնիսկ թարգման Արինե Հարությունյանն էր ներկայացել վերաքննիչ քրեական դատարան՝ իր ընկերության կողմից այս գործով որպես թարգման մասնակցելու լիազորագրով: Լիազորագիրն էլ մի ամբողջ տարով էր տրված:
Սակայն օրենքով պահանջվում է, որ թարգմանն ունենա համապատասխան որակավորման վերաբերյալ փաստաթուղթ:
Արինե Հարությունյանը որպես այդպիսին ներկայացրեց ոչ թե վկայական կամ արտոնագիր, այլ արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանք, թե սույն թարգմանը, որ ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, հանձնել է նոտարական գործողություններին մասնակցելու համար ռուսերենից թարգմանություն կատարող թարգմանչի որակավորման քննությունը և ստացել է դրական գնահատական:
Վերաքննիչ քրեական դատարանը այս տեղեկանքը անբավարար ու ոչ պատշաճ փաստաթուղթ համարեց՝ թարգմանչի՝ դատավարական լեզուն իմանալու, դատավարության, ոչ թե նոտարական գործողության ժամանակ լիարժեք, երկկողմ թարգմանություն կատարելու՝ օրենքով պահանջվող որակավորումն ունենալու մասին:
Ամբաստանյալներից մեկի շահերի պաշտպան Մ. Թովմասյանն էլ առարկեց այս թարգմանչին գործում ներգրավելու դեմ՝ հայտնելով, թե նախկինում այլ գործով առնչվել է այս թարգմանչի աշխատանքին, ու նրա կողմից, իր կարծիքով, որակյալ թարգմանություն չի կատարվել:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մանուշակ Պետրոսյան, Արարատ Պետրոսյան, Սևակ Համբարձումյան կազմով, մեկ տարվա լիազորագրով դատարան ներկայացած թարգմանչին չներգրավեց գործի քննությանը:
Որոշվեց նորից դիմել դատական դեպարտամենտ՝ ճիշտ որակավորում ունեցող թարգմանիչ պահանջելով:
Կողմերից մեկը արդարադատության նախարարությունը համեմատեց պոլիկլինիկայի հետ, որը տեղեկանքներ է տալիս թարգմանիչներին, փոխանակ մտահոգված լինի, որ դատարաններ ուղարկվող թարգմանիչները իրոք որակյալ լինեն, ունենան պատշաճ փաստաթղթեր ու մասնագիտական բարձր մակարդակով կատարեն օրենքով իրենց առջև դրված պարտականությունները:








































