Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը թուրքական ընդդիմությանն անվանել է մարգինալ և քաղաքակիրթ պայքար մղելու անընդունակ։ Մեկնաբանելով երկրի գլխավր ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) կողմից խորհրդարանական բոյկոտի դադարեցումը՝ Էրդողանը հայտարարել է, որ ի սկզբանե ԺՀԿ-ի մարտավարությունը համարել է սխալ.
«Բոյկոտելով խորհրդարանը՝ նրանք, ըստ էության, բոյկոտում են իրենց ընտրողներին։ Այդպիսի մեթոդներով նրանք իրենցից միայն հեռացնում են ժողովրդին»։
Ըստ Էրդողանի՝ ժողովրդավարության հարցերում ընդդիմությունը պետք է պատասխանատու լինի նվազագույնը իշխանությունների մակարդակով. «Սակայն եթե ընդդիմությունը չի կարողանում հստակ որոշակիացնել իր դիրքորոշումը, ապա այդ ժամանակ դժվար է խոսել երկրում ժողովրդավարության առաջխաղացման մասին։ Եթե արմատական ընդդիմության մեջ ի հայտ է գալիս մարգինալացում, ապա դա մեծ սպառնալիք է։
Եթե դուք ասում եք, որ քանի դեռ մեր երկու ընկերները երդում չեն տվել, մենք նույնպես դա չենք անի, ապա դա արդեն մարգինալ մտածելակերպի ձև է։ Նրանք, ովքեր մեզ մեղադրում են մարգինալության մեջ, թող նախևառաջ հայելու մեջ նայեն»։
Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն հրաժարվում էր խորհրդարանում երդում տալ, քանի դեռ բանտից չէին ազատվել իր երկու նորընտիր պատգամավորներ Մեհմեթ Հաբերալն ու Մուսթաֆա Բալբայը, որոնք ձերբակալվել են «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության շրջանակներում։










































