Պետք է խոստովանել, որ թե՛ Հայաստանի, թե՛ ընդհանրապես որևէ երկրի համար աննախադեպ է իրավիճակը, երբ հրապարակային պոլեմիկա է ծավալվում երկրի առաջին դեմքի և հատուկ ծառայության նախկին ղեկավարի միջև, հրաժարականի կամ պաշտոնանկության առիթով: Այն, որ գտնվում են այդ պոլեմիկան քաղաքական նպատակների համար օգտագործողներ, դա թե՛ հասկանալի է, թե՛ շատ տրամաբանական: Ի վերջո, բոլորն էլ ցանկանում են որևէ իրավիճակ օգտագործել իրենց շահերի համար, և ամբողջ հարցն այն է, թե հանրային, պետական կյանքը ինստիտուցիոնալ և մշակութային առումով ինչպիսի կանխարգելիչ մեխանիզմներ ունի, որոնք թույլ չեն տա հանրությանը դարձնել շահարկումների, նենգափոխումների գերի, պատանդ կամ թիրախ: Տարօրինակ իրավիճակը, սակայն, Հայաստանի պարագայում միանգամայն տրամաբանական է, որովհետև խոսքը հեղափոխությամբ ձևավորված իրավիճակի մասին է, որքան էլ շատերը պնդեն, թե Հայաստանում չի եղել հեղափոխություն: Այն, որ չի եղել պատմական վեպերում, դասագրքերում, պատմական վավերագրերում նկարագրված հեղափոխություն, դա դեռ չի նշանակում, որ եղածը հեղափոխություն չէ: Որովհետև 21-րդ դարում աշխարհը բավականին առաջ է գնացել, հեղափոխության միայն պատմականորեն նկարագրված սահմանումների շրջանակում մնալու համար:
Այլ է հարցը, որ Հայաստանում տեղի ունեցածն իր բնույթով չի գոհացրել շատերին, ընդ որում՝ թե՛ ներսում, թե՛ գուցե նաև դրսում: Այն եղել է գործնականում կոնֆլիկտից զերծ հեղափոխություն: Ոչ միայն ֆիզիկական բախումներից, այլ նաև կոնֆլիկտից, քանի որ հաշված օրերի ընթացքում տեղի է ունեցել հանրության և իշխանության այնպիսի տարանջատում, որտեղ կոնֆլիկտ գոյություն ունենալ չէր կարող այն պարզ պատճառով, որ չկար հանրության նժարին հավասարազոր սուբյեկտ, որ կարող էր լինել կոնֆլիկտի կողմ: Իրավիճակի այդ հարաբերակցությունը թերևս ունի լուրջ ուսումնասիրության և վերլուծությունների անհրաժեշտություն, թե ինչու առաջացավ այդօրինակ ահռելի դիսբալանս հանրության և գրեթե անխորտակելի թվացող իշխող համակարգի միջև, դա համակարգի ավելորդ և ինքնասպան ինքնավստահության հետևանք էր, թե, այդուհանդերձ, հեղափոխությունն այդքան էլ պարզունակ երևույթ չէ և ունի բազմաթիվ շերտեր, որոնց հանգամանալից ուսումնասիրությունը պետք է լինի Հայաստանի քաղաքական զարգացման գրավականներից մեկը:
Վերջին հաշվով, խորքային առումով այդտեղ են լինելու նաև պատասխանները այսօր առաջացած կոնֆլիկտի, որի մի կողմում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և նրան սատարող հանրությունը, մյուս կողմում՝ վարչապետին շատ քիչ զիջող հանրային վարկանիշ ունեցած ԱԱԾ պետ՝ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը, որն այս կոնֆլիկտում հայտնվել է հանրության քննադատության և զայրույթի տարափի տակ: Կոնֆլիկտը, անշուշտ, ունի իր խիստ առարկայական և լոկալ տարածական շրջանակը, շարժառիթները, պատճառները, կամ գուցե պարզապես սուր առիթը, ունի իր խիստ հստակ շահառուների շրջանակը և այդ շրջանակից դեպի արտաքին հարթություն տանող թելեր: Այդուհանդերձ, մեզանում ծավալվող աննախադեպ պոլեմիկայի տեսքով հանրությունն ականատես է լինում հայաստանյան թավշյա հեղափոխության պատմական հանգրվաններից մեկին, որում տեղի ունեցողը ոչ միայն ներկայումս ծավալվող կոնֆլիկտ է, այլ զարգացում, որը, անկասկած, իր ազդեցությունն է թողնելու հեռանկարում հասարակական-քաղաքական տրանսֆորմացիայի վրա:
Հայաստանում ձևավորված հեղափոխական իշխանության համար բարդ հրամայական է լինելու հեղափոխականից քաղաքական իշխանության բովանդակային անցումը առանց քաղաքական բովանդակային ընդդիմության առկայության, և Հայաստանում, առանց քաղաքական բովանդակային իշխանության, չափազանց բարդ է լինելու որևէ քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթացը: Խոշոր հաշվով, հետհեղափոխական պայմանական այդպիսի ճամփաբաժաններում է, որ սրվում է խնդիրները դիկտատուրայով լուծելու գայթակղությունը, ինչը բացառելու մասին նախօրեին Լոս Անջելեսում հայտարարում էր վարչապետ Փաշինյանը: Բայց այդ հայտարարություններից հետո, փաստորեն, ժամանակագրորեն, հանրությունը դարձավ հետհեղափոխական գործնականում ամենասուր կոնֆլիկտի նոր ալիքի ականատես:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի











































