Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հանդես է եկել վերջին շրջանում դեպի Լեռնային Ղարաբաղ օտարազգի լրագրողների հաճախակիացող այցերի մասին հայտարարությամբ.
«Մենք հուսով ենք, որ օտար լրատվամիջոցների կողմից այդ զգայուն հարցի (ղարաբաղյան հակամարտության) լուսաբանման ժամանակ կմեջբերվեն նվազագույնը հակամարտող երկու կողմերի կարծիքներն էլ։ Ադրբեջանական կողմը պատրաստ է համագործակցել օտար ԶԼՄ-ների հետ, որոնք զբաղեցնում են անկանխակալ դիրք մեր տարածաշրջանում և մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը լուսաբանելիս»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը վայնասուն էր բարձրացրել ամերիկյան The Washington Post թերթի մոսկովյան թղթակից Վիլ Ինգլանդի` Ղարաբաղ կատարած այցելության և այդ մասին հոդված հրապարակելու կապակցությամբ։
Դրանից առաջ էլ ադրբեջանական կողմին զայրացրել էր ռուսական Известия թերթի լրագրող Յուրի Սնեգիրևի ղարաբաղյան այցը, որից հետո հունիսի 29-ին և 30-ին Известия թերթում հրապարակվել էին «Ղարաբաղում չեն սպասում պատերազմի, բայց պատրաստվում են» և «Լեռնային Ղարաբաղի ռազմական գաղտնիքը գաղտնազերծված է» հոդվածները։
Դրանից հետո Սնեգիրևը հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։ Այժմ Ադրբեջանը հասկացել է, որ «սև ցուցակը» որևէ արդյունք չի տալիս, և ընկրկում է իր այդ դիրքորոշումից՝ փորձելով համագործակցության ճանապարհով կանխել օտար մամուլում Ղարաբաղի մասին իր համար անցանկալի նյութերի հրապարակվելը։






































