Այսօր Ռուսաստանում սուգ է հայտարարված՝ կապված Վոլգա գետում «Բուլգարիա» շոգենավի խորտակման հետ, որի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 120-ի: Այդ մասին երեկ հայտարարել էր նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Վերջին անգամ Ռուսաստանում սգո օր էր հայտարարվել անցած տարվա ապրիլին, երբ Սմոլենսկում ավիավթարի հետևանքով զոհվել էր Լեհաստանի բարձրաստիճան ողջ պատվիրակությունը՝ նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորությամբ:
Այսօր Վոլգայում շարունակվում են որոնողական աշխատանքները: Ջրից դուրս են բերվել ավելի քան 60 դիակներ, որոնցից մեծ մասը ճանաչվել են: Նշվում է, որ ջրասուզակները լուրջ խնդիրներ ունեն, քանի որ հոգեբանորեն դժվար է մի վայրից դուրս բերել տասնյակ երեխաների դիակներ: Նրանց հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:




































