Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռեալ»-ի հետ խաղից առաջ պատասխանել է իսպանական հեղինակավոր AS պարբերականի հարցերին:
« «Բորուսիա»-ի խաղին հարմարվելու համար ժամանակ պահանջվեց: Մի քանի շատ լավ խաղեր եմ անցկացրել, որոշ խաղեր էլ այդքան էլ լավ չեն ստացվել: Գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ:
Մարիո Գյոտցեն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա նման չէ ինձ: Մարդիկ չեն համեմատում իմ և նրա խաղը: «Բորուսիա»-ն մեծ ակումբ է, որի կազմում խաղալը, իսկապես, երազանք էր ինձ համար: Դժվար է հավատալ, բայց երբ 11 տարեկան էի, Հայաստանում ունեի «Բորուսիա»-ի չինական մարզահագուստ:
Այդ լուսանկարները մի քանի օր առաջ ներկայացրել եմ ակումբի՝ հասարակայնության հետ կապերի գծով մենեջերին: Հնարավոր է՝ դա իմ ճակատագիրն էր: Ես պատահականությունների չեմ հավատում:
Ես ընդամենը 7 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Ես չեմ հիշում նրա խաղը, իսկ նա չի տեսել իմ խաղը, քանի որ ավելի ուշ եմ սկսել ֆուտբոլ խաղալ: Ասում են՝ նա շատ արագ հարձակվող է եղել, ինչպես նաև գերազանց անձնավորություն: Ցավոք սրտի, վատ եմ հիշում նրա խորհուրդները: Հուսով եմ՝ այնտեղ՝ երկնքում, հայրս հպարտանում է ինձնով:
Առաջին անգամ եմ խաղալու «Բեռնաբեո»-ում: Սա լեգենդար մարզադաշտ է, որտեղ խաղալու հնարավորություն ամեն օր չէ, որ տրվում է»,- AS-ի հետ զրույցում հայտարարել է Մխիթարյանը:








































