Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական բանակի ստորաբաժանումները հուլիսի 9-ին՝ կեսօրից հետո, հատել են թուրք-իրանական սահմանը և շարժվել Մակուի ուղղությամբ, որը քրդական գործակալությունը ներառել է Արևելյան Քրդստանի կազմում։ Խոսքը թուրքական բանակի՝ իրանական սահմանը հատած 8 ռազմական փոխադրամիջոցների մասին է։
Նշվում է, որ այդ ամենն իրականացվել է թուրքական տարածք հաճախ ներթափանցող իրանական քրդերի դեմ թուրքական ու իրանական բանակների կողմից համատեղ գործողությունների իրականացման համար։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանը Թուրքիայի նման սկսել էր ռմբակոծել Հյուսիսային Իրաքում (Ղանդիլ) բազավորված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների ճամբարները։










































