Հայ ազգային կոնգրեսը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունների հետ երկխոսելու մեկ թեմա ունի՝ արտահերթ ընտրություններ՝ այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին հիշեցրին լրագրողները։ Այդ առիթով նա նկատեց. «Որքան հետևում եմ վերջին շրջանում իրենց մամուլում և իրենց քաղաքական գործիչների խոսքին՝ ես չեմ տեսնում այդ ծայրահեղ մոտեցումը իրենց մոտ: Եվ պետք չէ գնալ ծայրահեղ ճանապարհով, ինչպես կասեր Արթուր Բաղդասարյանը՝ ծայրահեղականությունը ծանր հիվանդություն է, և ես կարծում եմ՝ ՀԱԿ-ը նույնպես արդեն գիտակցում է, որ իսկապես ժամանակ չկա, որ արդեն պետք է նախապատրաստվենք ընտրություններին, և հիմա արտահերթ ընտրությունների մասին խոսելը, կարծում եմ, որևէ քաղաքական ուժի շահերից չի բխում, առավել ևս՝ իրենց, որովհետև իրենք նույնպես պետք է պատրաստվեն, ձևավորեն իրենց հանձնաժողովները ընտրություններին մասնակցելու համար»:
Ինչի՞ վրա է իշխանությունը հույսը դնում երկխոսության գնալով, այսինքն՝երկխոսության թեման պետք է փոխվի՞, և եթե՝ այո, ինչպե՞ս պետք է փոխվի. «Իշխանությունը որևէ բանի վրա հույս չի դնում։ Երկխոսության առաջարկ է արվել, երկու կողմերը համաձայն են գնալ երկխոսության, բովանդակությունը հընթացս պետք է առաջանա, որի շուրջ պետք է խոսենք: Այդ հարցը օրակարգային հարցրերից մեկը կարող է լինել, և հնարավոր է, որ այդ մասին խոսվի, և հիմնարար պատճառներ լինեն, թե ինչու չենք գնում արտահերթ ընտրությունների: Ես կարծում եմ, որ օրակարգային հարցերից մեկը կարող է լինել ՀԱԿ-ի կողմից, ինչը բազմիցս ենք ասել, և իսկապես՝ և իրավական, և քաղաքական հիմքեր չկան արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ մտցնելու: Ավելի կարևոր և առաջնային խնդիրներ կան, որոնք կանգնած են երկրի առջև»:
Այնումենայնիվ, եթե երկխոսության բովանդակությունը հընթացս պետք է որոշվի, ՕԵԿ-ի օրակարգը ո՞րն է՝ հարցրին լրագրողները ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին:
«Առաջին հանդիպումը տեղի կունենա տասն օրվա ընթացքում, այդ հանդիպումից հետո, կարծում եմ, երկխոսության ընթացքում կառաջանան օրակարգային հարցեր, կձևավորվի օրակարգ, և քանի որ ՕԵԿ-ը կոալիցիոն ուժ է՝ առանձին հանդես չի գալիս, մենք հանդես ենք գալիս որպես մեկ միասնական ուժ: Թե որ հարցերն են մեր երկրի համար առաջնահերթ՝ ըստ այդմ կձևավորվի օրակարգ: Այսօր ճիշտ չեմ համարում այդ օրակարգի մասին խոսել, որովհետև դեռ պատկերացում չունենք, թե ինչպիսի հարցերի շուրջ է ձևավորվելու այդ օրակարգն այսօր»,- պատասխանեց Հեղինե Բիշարյանը:









































