Եգիպտոսի Հուրգադա քաղաքը գլխավորել է այն հանգստավայրերի ցուցակը, որտեղ հանգստի ընթացքում ամենից հաճախ են թունավորվում զբոսաշրջիկները: Sick Holiday վերլուծական ընկերության և YorkTest լաբորատորիայի ուսումնասիրության արդյունքները հրապարակել է Daily Mail-ը:
2017-ի սկզբից ի վեր Հուրգադայում հանգստացողների շրջանում սննդային թունավորումների 380 դեպք է գրանցվել:
Երկրորդ տեղում Դոմինիկյան Հանրապետության Պունտա-Կանա շրջանն է՝ 211 մարդ: Երրորդում՝ Կարիբյան ծովի ափամերձ Ռիվիերա-Մայա (Մեքսիկա) զբոսաշրջային տարածքն է. այստեղ ինքնազգացումի վատացումից բողոքել է 182 մարդ:
Չորրորդ հորիզոնականում հայտնվել է թուրքական Անթալիան (108 մարդ), հինգերորդում՝ մեքսիկական Կանկունը (95 մարդ): Վեցերորդ և ութերորդ դիրքերը զբաղեցրել են Կաբո-Վերդե կղզիները՝ Բոա-Վիշտա (84 մարդ) և Սալ (68 մարդ): Յոթերորդը՝ Մարաքեշն է (Մարոկկո), որտեղ արձանագրվել է թունավորման 83 դեպք:
Ցուցակում եզրափակիչ տեղերում հայտնվել են իսպանական Մայորկա և Բենիդորմ հանգստավայրերը: Այստեղ անորակ սննդից տուժել են, համապատասխանաբար, 66 և 62 զբոսաշրջիկ: