Այս տարի Երկրագնդի բնակչության թիվը կգերազանցի 7 միլիարդը, իսկ 2023 թ. կհասնի 8 միլիարդի: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ի փորձագետները Բնակչության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույցում: Հուլիսի 11-ը նշվում է որպես միջազգային օր այն բանից հետո, երբ 1987 թ. երկրագնդի բնակչության թիվը հատեց 5 միլիարդի սահմանը:
Նշվում է, որ այս օրը նշելու հիմնական նպատակը մարդկության թվի աճի և դրա հետ կապված խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է: Բնակչության աճի արագ տեմպեր նկատվում են անցած դարի 60-ականներից, երբ 1960-1999 թ. երկրագնդի բնակչությունը կրկնապատկվեց՝ հասնելով 6 միլիարդի:
Զեկույցում ասվում է, որ թեպետ բնակչության աճը տարեկան կրճատվել է 2%-ից մինչև 1.3%, սակայն տարեկան 77 միլիոն մարդ աճն ինքնին զգալի է: Ընդ որում, աճի 95%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին: Դա նշանակում է, որ արդեն այս տարի մոտ 67 միլիոն երեխա կրթություն ստանալու հնարավորություն չեն ունենա, 925 միլիոն մարդ էլ խրոնիկ թերսնման խնդիր ունի: Երկարաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2050 թ. Երկրագնդի բնակչությունը կհասնի 9 միլիարդի, իսկ դարի վերջին՝ 10.1 միլիարդի:










































