«Աշխարհը Հայաստան է գալիս». այսպես է բնորոշում հոկտեմբերի 6-9 Երևանում կայանալիք WCIT՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համաժողովը, բիզնես ռազմավարության մասնագետ, ձեռնարկատեր Էմմա Առաքելյանը, ով Նյու Յորքում աշխատանքային խմբի կազմում օգնում է կազմակերպել համաժողովը: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ այս կոնգրեսի կազմում են համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների 90 տոկոսը՝ բոլոր խոշոր խաղացողները: Ըստ Էմմա Առաքելյանի՝ ամեն ինչ արվում է, որ նրանք բոլորը Հայաստան այցելեն:
Նրա խոսքով՝ նախկինում այս կոնգրեսը կազմակերպվել է համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մայրաքաղաքներում՝ Սան Ֆրանցիսկոյում, Տոկիոյում, Փարիզում: Հայաստանում կոնգրեսի անցկացումը կարևոր խորհրդանիշ է:
Աշխատանքային խմբի անդամ, Նյու Յորքում գործող փաստաբան Արմեն Մորիանն ընդգծում է՝ հոկտեմբերին Հայաստան են ժամանելու բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող տիեզերական, ռազմական, առողջապահական, բանկային և այլ ոլորտների խոշոր ներկայացուցիչներ: