Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հայտարարել է, որ երկրում նախընտրական մթնոլորտի պատճառով կասկածում է Բարաք Օբամայի հետ ծրագրված հանդիպում անցկացնելու անհրաժեշտության հարցում, փոխանցում է Reuters-ը:
«Ես ծրագրել էի Օբամայի հետ զրույցի ամսաթիվը, սակայն Ուրուգվայում այնպիսի նախընտրական կլիմա է, որ ես կասկածում եմ՝ արժե՞ արդյոք հանդիպել նրա հետ: Ավելի ուշ կորոշեմ, իսկ առայժմ 80% հավանականությամբ՝ չեմ հանդիպի»,- ասել է նա:
Մուխիկան հաստատել է, որ «Գուանտանամոյի» բանտի հինգ բանտարկյալներին Ուրուգվայում ընդունելուն համաձայնելով՝ ինքը երկրում լուրջ քննադատության է բախվել:
Նախագահը նշել է, որ Օբամայի համար ինքը բավական էկզոտիկ կերպար է: Նա ասել է, որ Օբամային կասի՝ ինչ մտածում է:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Ուրուգվայում «ամեն ինչ կասկած է հարուցում»: «Ենթադրում եմ՝ այս հարցն իր դերը կունենա նախընտրական արշավում»,- ասել է նա:
Մուխիկան հերքել է շշուկները, թե ԱՄՆ իշխանություններից փոխարենը պահանջել է ազատ արձակել լրտեսության համար կասկածվող երեք կուբացու:
«Ես ասացի, որ Ուրուգվայը կընդունի (բանտարկյալներին), որ իմ կողմից ոչ մի լրացուցիչ պայման չկա: Ես (Ռաուլ) Կաստրոյին ասել եմ, որ պատրաստվել եմ նրանց խնդրել փորձել լավացնել Կուբայի հետ հարաբերությունները: Այստեղ մի քանի տեսակետ կա, և սա միայն դրանցից մեկն է»,- նշել է Մուխիկան:
Ուրուգվայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014-ի աշնանը:







































