Հարավկորեական Samsung Electronics էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը 2019 թ.-ի երկրորդ եռամսյակում, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 2,1 անգամ կրճատել է իր զուտ շահույթը՝ մինչև մոտ 4.4 միլիարդ դոլար, ասվում է ընկերության հաշվետվությունում:
Ընկերության գործառնական շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 2.25 անգամ՝ հասնելով շուրջ 5.6 միլիարդ դոլարի: Եկամուտները նվազել են 4 %-ով՝ մինչև մոտ 47.5 միլիարդ դոլար:
Ընկերությունը նշում է կիսահաղորդիչների արտադրության բաժնի եկամտի անկումը՝ տարեկան 27 %, մինչև 13.6 միլիարդ դոլար: «Հիշողության չիպերի շուկայի թույլ վիճակը և գների անկումը պահպանվում են»,- գրել է Samsung-ն իր հաղորդագրությունում:
Հուլիսի սկզբին Samsung Electronics-ը կանխատեսել է, որ 2019-ի երկրորդ եռամսյակում եկամուտները կկազմեն 47.9 միլիարդ դոլար, իսկ գործառնական շահույթը՝ 5.6 միլիարդ դոլար:
Ընկերության բաժնետոմսերը Սեուլի բորսայում արժեզրկվել են 2.7 %-ով:
Samsung Electronics-ը միջազգային ընկերություն է, որը զբաղվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ. կիսահաղորդիչներ, հեռահաղորդակցման սարքավորումներ, հիշողության չիպեր, LCD էկրաններ, բջջային հեռախոսներ և մոնիտորներ: Ընկերության շտաբը գտնվում է Սեուլում: