Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երեկ կառավարության բոլոր անդամներին 10-օրյա ամառային արձակուրդի հնարավորություն է տվել: Ընդ որում՝ բոլոր նախարարները միաժամանակ են գնացել հանգստի: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
«Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում մենք լավ արդյունքներ ենք արձանագրել, և ես թույլ եմ տալիս բոլոր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին, թերթերի և ամսագրերի խմբագիրներին, հեռուստատեսությունների, ռադիոընկերությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներին հուլիսի 13-22-ը գնալ հանգստի»,- հայտարարել է երկրի ղեկավարը՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ:
Նա բոլորին հավաքում է Թուրքմենբաշի քաղաքի «Արզուվ» հյուրանոցում՝ երեք օրվա հանգիստը ֆինանսավորելով պետության հաշվին: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան հանգստանալ այլ վայրերում, նույնպես ստացել են նախագահի թույլտվությունը:
Այս հայտարարությունները, ինչպես նաև ընդդիմությանը նախագահական ընտրություններին մասնակցելու հրավերն արվում են Թուրքմենստանի պատմության ամենամեծ աղետներից մեկի ժամանակ, երբ տարբեր տվյալներով՝ Աբադանում զինանոցի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 200 մարդ: Հավանաբար Թուրքմենստանի նախագահն այս քայլով փորձում է հանգստություն հաղորդել հասարակությանը: