Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Դեմոկրատական հասարակության կոնգրեսի» (DTK) համանախագահ Ահմեդ Թյուրքը Վանում տեղի ունեցած քրդական միտինգի ժամանակ հերթական անգամ սպառնացել է թուրքական իշխանություններին.
«Քուրդ ժողովուրդը պատրաստ է խաղաղության ու ժողովրդավարության։ Արդեն մի քանի տարի է, ինչ մենք պնդում ենք ժողովրդավար քաղաքականության մասին։ Մենք կողմնակից ենք խաղաղության, ժողովուրդների միջև եղբայրության։ Մեր ձգտումները պետք է ընդունվեն ըմբռնմամբ։ Հակառակ դեպքում ամեն ինչ կավարտվի աղետով»։
Նշվում է, որ քուրդ ցուցարարների մեծ մասը «զինված» է եղել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դրոշներով ու PKK հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարներով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ահմեդ Թյուրքը հայտարարեց, թե Դիարբեքիրում պետք է ստեղծվի «Քրդստանի խորհրդարան»։
Ի դեպ, որոշ տվյալներով, Ահմեդ Թյուրքի պապը եղել է հայ, որը 1925 թվականին փոխել է անունն ու ազգանունը` հալածանքներից խուսափելու համար:










































