«Վայոց ձորում խնդիրները նույնն են, ինչ մյուս մարզերում՝ ճանապարհների, ոռոգման և խմելու ջրի խնդիրներ որոշ գյուղերում, քաղաքային համայնքներում՝ աշխատատեղերի բացակայություն: Օրինակ՝ սեփականաշնորհման ժամանակ Վայք համայնքին չի տրվել հող: Արդյունքում ոչ այն գործարանը կա, որտեղ նախկինում աշխատում էին, ոչ էլ հողը կա, որով կարող էին անասնապահությամբ զբաղվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով իրենց մարզի խնդիրների առանձնահատկություններին:
Խոսելով գործազրկության մասին՝ մարզպետն ասաց. «Արդարացի է, այո, պահանջը, որ գործարանները փակվել են, բայց մյուս կողմից՝ մարդիկ չունեն կրթություն և չեն համաձայնում գործարարների առաջարկած բանվորի աշխատանքին, որի դեպքում օրական կստանային 5-7 հազար դրամ աշխատավարձ»:
Տրդատ Սարգսյանը անդրադարձավ նաև նպաստի խնդրին, որը 30 հազար դրամ է. «Եվ մարդիկ այդ 30 հազարից չզրկվելու համար հրաժարվում են 100 հազար դրամ աշխատավարձից: Մարդիկ սովորել են չաշխատելուն. բողոքելը միշտ հեշտ է, բայց քաղաքացին իր վրա փոփոխություն կզգա այն ժամանակ, երբ սկսի աշխատել»:
Նրա խոսքով՝ պրպտող, փնտրող մարդը կկարողանա նաև տուրիզմի առումով աշխատանք գտնել և լուծել իր օրվա հացի խնդիրը. «Անգամ ամենահեռավոր գյուղերում տուրիզմը մեծ թափով զարգանում է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































