ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 24-ին սկսում է եվրոպական երկրներ շրջագայությունը, որի ընթացքում նա կայցելի Նիդերլանդներ, Բելգիա և Իտալիա՝ գրում է ITAR-TASS-ը: Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը՝ շրջագայությունը սկսվում է Ամստերդամում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ բանակցություններից:
Ամստերդամից հետո Օբաման կայցելի Հաագա, որտեղ տեղի կունենա միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովը, որտեղ նախագահին նաև երկկողմ բանակցություններ են սպասվում Չինաստանի առաջնորդի հետ: Գագաթնաժողովի ավարտից հետո տեղի կունենա G7 երկրների հանդիպումը:
Չորեքշաբթի օրը Օբաման կլինի Բրյուսելում, որտեղ կմասնակցի ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին:
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահը Վատիկանում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Դրանից հետո Իտալիայում Օբաման կհանդիպի երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի և վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
Օբամայի արտասահմանյան շրջագայությունը կավարտվի մարտի 28-29-ին՝ Էր-Ռիադ այցով:









































