Ուկրաինան 50 տոկոսով նվազեցրել է Ղրիմ մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը՝ հայտարարել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
Մարտի 23-ի երեկոյան Ղրիմի վարչական մայրաքաղաք Սիմֆերոպոլի մի քանի շրջաններում անջատվել էր էլեկտրականությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Թեմիրգալիևի խոսքով՝ Ուկրաինայի հետ Ղրիմը կապում են 3 բարձրվոլտային էլեկտրալարեր: Մատակարարումների նվազեցման պատճառով թերակղզում իրականացվել են պլանային անջատումներ: Ղրիմի մոտ 30 տոկոսը հոսանքազրկված է:
Թեմիրգալիևը նշել է, որ իրենք պատրաստ էին Կիևի կողմից նման քայլի և օպերատիվ են արձագանքել մատակարարումների նվազեցմանը: Ներկայում Ղրիմի իշխանությունների տրամադրության տակ կան մոտ 900 շարժական դիզելա-գեներատորային սարքեր: Դրանք արդեն մասամբ աշխատում են՝ ապահովելու հիվանդանոցների, պոմպակայանների և իշխանության մարմինների աշխատանքը:









































