Ռուսաստանի մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից ևս մեկ անգամ ստիպում է մտածել նրանից մեր կախվածությունը թուլացնելու մասին: Այնքան վտանգավոր չէ այն, որ մեր էներգետիկ ռեսուրսների 80%-ը պատկանում է Ռուսաստանին, որքան այն, որ գազի ու դրանով նաև մեր արտադրած էներգիայի մի զգալի մասը Ռուսաստանից է գալիս:
Եվրոպական երկրները արդեն երկար տարիներ է` աշխատանք են տանում Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար: Եվ դա արվում է` ոչ միայն դիվերսիֆիկացիայի միջոցով (թեև սա ամենակարևորն է), այլև աստիճանաբար էներգախնայող տեխնոլոգիաների ու մեթոդների անցնելով: Դժվար է, ասենք, Գերմանիայում այսօր գտնել երկշերտ ապակիներով կամ բետոնից կառուցվող նոր շենքեր. սովորաբար առավելությունը տրվում է եռաշերտ ապակիներին ու ցածր ջերմահաղորդականության նյութերին:
Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ուսումնասիրություններ է կատարել` պարզելու համար ինչ հնարավորություններ ունենք առավել էներգախնայող դառնալու առումով: Արդյունքները, որ երեկ ներկայացվեցին մի համաժողովի ժամանակ, բավականին հետաքրքիր են: Հայաստանի շենքերը, պարզվում է, կառուցվել են ոչ էներգաարդյունավետ նախագծերով և առանց պատշաճ ջերմամեկուսացման: Դրանք էլեկտրաէներգիայի և գազի ամենամեծ սպառողներից են: Երկրում էներգիայի օգտագործման արդյունավետությունը բարելավելու ամենամեծ և տնտեսապես ամենաարդյունավետ հնարավորությունը, ըստ USAID-ի կատարած ուսումնասիրությունների, ապահովում են շենքերը:
Ըստ այդ հաշվարկների` շենքերի հետ է կապված Հայաստանի էներգախնայողության ազգային ներուժի 40%-ը: Որպեսզի այս ներուժը իրացվի, շենքերի սեփականատերերը, ճարտարապետները, տեղական համայնքները և այլ շահագրգիռ կողմերը պետք է կիրառեն էներգաարդյունավետ շենքերի լավագույն փորձը: «Այսպիսի շենքերը հնարավորինս մեծ չափով օգտվում են արևի էներգիայից և բնական լույսից, իսկ շենքերի ջերմամեկուսացված արտաքին կոնստրուկցիաները նվազեցնում են ջեռուցման և հովացման համար պահանջվող էներգիայի ծախսը»,- ասվում է USAID-ի հետազոտության արդյունքների մեջ:
Այսինքն` անհրաժեշտ է, որ գոնե նոր կառուցվող շենքերը Հայաստանում ունենան մի կողմից՝ արևային ջրատաքացման և լուսավորության արդյունավետ համակարգեր, մյուս կողմից՝ կառուցվեն ջերմամեկուսիչ նյութերի օգտագործմամբ: Առաջին դեպքում` արեգակնային էներգիայի օգտագործման համար Հայաստանը չափազանց նպաստավոր երկիր է: Այսպես, հետազոտության համաձայն` Հայաստանում մեկ քառակուսի մետրի վրա տարեկան 2500 ժամ արևի լույս է ճառագայթում, ինչը մոտ 1700 կվտ/ժ էներգիա է` համարժեք 175 լիտր բենզինի էներգիային: Նման մեծ քանակի արևային էներգիայով շատ երկրներ չէ, որ կարող են հպարտանալ:
Արևային շենքերը ենթադրում են այնպիսի նախագծում և տեղանշում, որ տալիս է առավելագույն չափով արևի լույս և ջերմություն ստանալու և ջերմությունը շենքում պահելու ու բաշխելու հնարավորություն: Արևային շենքի առաջին տարրը ընդարձակ ապակեպատ բացվածքն է, սովորաբար պատուհանները, որոնց միջով արևի ճառագայթները թափանցում են շենքի ներքին տարածք: Երկրորդը կլանիչն է` մուգ մակերևույթ, որի վրա ընկնող արևի ճառագայթները վերածվում են ջերմության: Երրորդ տարրը ջերմային զանգվածն է` նյութեր, որ կուտակում են արևից ստացած ջերմությունը: Ջերմային զանգվածը տեղադրվում է կլանիչի տակ կամ ետևում: Շենքի պատերը, առաստաղը և հատակը կարող են ծառայել նաև որպես ջերմային զանգված: Չորրորդը ջերմային զանգվածից տարածքի մյուս մասեր ջերմության տեղափոխման` բաշխման ապահովումն է բնական կոնվեկցիայի կամ օդամղիչների ու օդատարների միջոցով: Հինգերորդ տարրը հովանոցներն են, որ ամռան ամիսներին ստվերելով պատուհանները` սահմանափակում են արևի ճառագայթների մուտքը: Այս 5 տարրերը նախագծվում են որպես մեկ միասնական համակարգ:
Ինչ վերաբերում է ջերմամեկուսիչ նյութերին, ապա դրանք նախատեսված են շենքերում ջերմահաղորդականության, կոնվեկցիայի և ճառագայթման պրոցեսները այնպես կարգավորելուն, որ հնարավորինս շատ էներգիա խնայվի: Ջերմամեկուսացման արտադրանքի ամենատարածված տեսակներից են «ծածկոցներով» ջերմամեկուսիչները, որոնք սովորաբար պատրաստվում են ապակե, հանքային, բամբակյա և բրդյա մանրաթելերից: Փրփրապլաստե սալերով մեկուսացման ժամանակ օգտագործվում են կոշտ սալեր՝ փայտե և մետաղե կոնստրուկցիաները ջերմամեկուսացնելու համար:
Այսպիսով, որքան շուտ Հայաստանն անցնի նոր կառուցվող շինություններում ջերմամեկուսիչ նյութեր և արևային էներգիան օգտագործելուն, այնքան ավելի արագ հնարավոր կլինի անցնել գազն ու էլեկտրաէներգիան խնայող ռեժիմների օգտագործմանը: Այդ ժամանակ արդեն՝ գազի ու էլեկտրաէներգիայի գների թանկացումը ևս այնքան էլ ցավոտ չի լինի երկրի համար: Իսկ նման խնայողական մեթոդներին անցնելը հնարավոր է միայն պետական միջամտության դեպքում, երբ օրինակ, նոր կառուցվող` գոնե էլիտար շենքերի համար պարտադիր լինեն էներգախնայող տեխնոլոգիաները:










































