Համազգային միավորման պայքարը շարունակվում է ՝ շնորհիվ «Դեմ եմ»-ի երիտասարդների: Պետք է հասկանալ, որ գործի անցնելու ժամն է: «Դեմ եմ» նախաձեռնության՝ Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Զորակցելով «Դեմ եմ» շարժմանը՝ պետք է հասկանալ, որ ժողովուրդը պահանջում է ինքնիշխան իրավական Հայաստան: Մենք կողմ ենք սահմանադրական հեղափոխության և իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն: Ամենահեշտը մեկին կամ մյուսին քննադատելն է: Բայց այսօր պահն է, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ ԱԺ-ում և դրանից դուրս, ՀԿ-ները, ազատամարտիկները հասկանան, որ խոսքով հարց չի լուծվելու, գործել է պետք: «Դեմ եմ» շարժումը վերափոխման նախաշեմին է, և ինչպիսին էլ լինի ՍԴ որոշումը մարտի 28-ին, մենք պետք է վեր պահենք մեր եռագույն դրոշը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պատիվ ունեմ լինելու ժողովրդի մեջ, երիտասարդներին ուժ ու կորով մաղթելու: Մենք անպայման տեսնելու ենք հաղթանակը»,- ասաց նա:
Քաղաքական գործչի խոսքով՝ ապօրինի իշխանություններից պետք է «պրծնել» և իշխանության բերել երիտասարդությանը: «Նրանք, ովքեր հեքիաթներով են առաջնորդվել, պետք է մոռանան դրանք, և շարունակեն երկրի կերտումը՝ առանց Սերժ Սարգսյանի: Այս շարժումը մարելու իրավունք չունի»,- ասաց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ մարտի 28-ին՝ ՍԴ որոշման հրապարակման օրը, 15:30-ին ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ:










































