ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջամտությունը Հարավային Կովկասում առկա հակամարտություններին մշտապես արգելափակվելու է ՌԴ-ի մեծացող ազդեցության կողմից: Այսօր «ՆԱՏՕ-Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում այս մասին ասաց Մեծ Բրիտանիայի Արքայական քոլեջի ներկայացուցիչ, փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ խոսելով «Ռազմականացումը Հարավային Կովկասում: Տարածաշրջանային հակամարտությունները որպես ազդեցության գործիք» թեմայի շուրջ:
Նա նշեց, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմը անցումային փուլ էր Հարավային Կովկասի համար, երբ բացահայտվեց ԵՄ-ի բացակայությունը տարածաշրջանում, երբ բացահայտվեց, որ եվրոպական կառույցները չունեն որևէ ազդեցություն տարածաշրջանում: Թե ինչու է այդպես՝ փորձագետն ունի իր բացատրությունը: Ըստ նրա՝ կան լուրջ խոչընդոտներ, և նա նույնիսկ հոռետես է, որ ապագայում ԵՄ-ն կունենա կայունացնող ազդեցություն տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ:
«Եվրոպական կառույցների ներգրավվածությունը և միջամտությունը Հարավային Կովկասում առկա հակամարտություններին միշտ արգելափակվելու է ՌԴ-ի մեծացող ազդեցության կողմից, որին այդ կառույցները հանդիպեցին հենց վերջերս՝ Ուկրաինայում:
Մեկ այլ խնդիր է այն, որ ԵՄ-ում բացակայում է միասնականությունը: ԵՄ-ում չկա միասնական ցանկություն՝ մեծացնելու ազդեցությունը և կապիտալ ներդնելու՝ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար:
Վերջին խոչընդոտը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանի վերաբերյալ երկարաժամկետ հեռանկարի բացակայությունն է: Խնդիրն այն է, թե որքան երկար է սա շարունակվելու, կա՞ արդյոք հստակ պատկերացում: Իմ կարծիքով՝ այդ պատկերացումները կարճաժամկետ հեռանկարի համար են»,- նշեց Թրեյսի Ջերմանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացրել ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն Հարավային Կովկասում առկա հակամարտությունները մեղմելու և հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու, վստահություն կառուցելու ուղղությամբ, սակայն, նրա որակմամբ, դա բավարար չէր ու բավարար չէ:
«Հակամարտությունների վրա ազդելու ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հնարավորությունները սահմանափակ են: Ես հոռետես եմ ապագայի հարցում ևս»,- ասաց Արքայական քոլեջի փորձագետը:






































