Թեեւ Լեռնային Ղարաբաղում, ըստ մեր տեղեկությունների, գործում են մոտ հարյուր երեսուն հասարակական կազմակերպություններ, այդ թվում նաեւ` իրավապաշտպան, սակայն նրանցից միայն երկուսն են զբաղվում իրավապաշտպան գործունեությամբ: «Առաջին լրատվականը» Լեռնային Ղարաբաղի «Քաղաքացիական նախաձեռնություն» կենտրոնի ղեկավար Ալբերտ Ոսկանյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում արձագանքել նախօրեին ԼՂ Պաշտպանության բանակում տեղի ունեցած արտակարգ միջադեպին, որի հետեւանքով զոհվել է չորս եւ վիրավորվել չորս շարքային զինծառայողներ: «Ես դեռ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել բանակում: Մինչեւ չիմանանք, թե ինչ է եղել, ես ձեր հարցերին պատասխանել չեմ կարող: Ես հենց այնպես խոսել, որեւէ բան ասել չեմ կարող»,- ասաց Ալբերտ Ոսկանյանը: Մեր զրուցակցից չհաջողվեց ճշտել, թե իրենք տեղեկատվություն ստանալու համար դիմե՞լ են, արդյոք, ԼՂ Պաշտպանության բանակին, փորձե՞լ են ինչ-որ կերպ տեղեկատվություն հայթայթել, թե՞ ոչ: