ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Twitter-ի իր էջում տեղեկություն է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուի լրացումն ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ողջունել է այդ հանգամանքը: Լրացումը վերաբերում է զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելուն եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը։
Նշենք, որ նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում էր նաեւ սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կորոշեն հրադադարի ռեժիմը խախտողին։ «Ռոյս-Էնգելի» առաջարկները ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախկին նախագահ Էդ Ռոյսը եւ ներկա նախագահ Էլիոթ Էնգելը՝ 2015-ի աշնանը: