Կատարի կառավարիչ էմիր Թամիմ բեն Համադ Ալ-Թանին քննարկում է «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» անունը կրող նոր հեռուստահեռարձակող տեղեկատվական ցանց ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Նախագիծը ներկայում քննարկվում է կառավարությունում և փորձագետների մակարդակով: Տեղեկատվություն կա, որ Կատարի ղեկավարությունը մտադիր է նոր հեռուստացանցին, որի մեջ կմտեն մի քանի հեռուստաալիքներ և կայքեր, մեծ բյուջե տրամադրել: Հեռուստաալիքի շտաբ-գրասենյակը կտեղակայվի Լոնդոնում, իսկ հիմնական կայքը՝ Բեյրութում:
Ինչպես ակնկալվում է, «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ»-ի գլխավոր նպատակը կլինի վերականգնել Կատարի դրական իմիջը և առաջ տանել երկրի «նոր կերպարը» Դոհայի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների և ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արևելքի միջև հարաբերությունների սրման պայմաններում, որոնք Կատարի իշխանություններին մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Նոր հեռուստացանցի խնդիրները լիովին կտարբերվեն «Ալ-Ջազիրա» կատարական արբանյակային հեռուստաալիքի խնդիրներից, որը վերջին տարիներին վերածվել է ծայրահեղական գաղափարախոսությունների «բարձրախոսի»: Դոհայում միևնույն ժամանակ նշել են, որ նոր տեղեկատվական ցանցի բացումը չի նշանակում «Ալ-Ջազիրա»-ի փակում:








































