ՀՀ-ի կողմից Ղրիմում տեղի ունեցած ապօրինի հանրաքվեին անդրադառնալը հանցագործություն է: Այսօր «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-1995, 1995-99 ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը: Նա նշեց, որ Հայաստանում, ՌԴ-ում և Ադրբեջանում ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել: Ըստ նրա՝ 2012-2013թթ. ընտրություններից առաջ կար իշխանական, կոռումպացված, քրեաօլիգարխիկ համակարգ, որն անցկացնում էր բալանսավորված արտաքին քաղաքականություն, Հայաստանը հաջող աշխատում էր ԵՄ-ի հետ, Վիլնյուսում Հայաստանը պատրաստվում էր նախաստորագրել ԱՀ-ն/ ԽՀԱԱԳ-ն, սակայն ոչ իշխանական կուսակցությունները նույնքան կոռումպացված, քրեաօլիգարխիկ են, որոնք չեն թաքցրել իրենց բացասական դիրքորոշումն իշխանությունների այդ արտաքին քաղաքականության վերաբերյալ:
«Սեպտեմբերի 3-ին ՀՀ-ն և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց ՄՄ-ին միանալու մասին, որից հետո ստացանք հետևյալ պատկերը. ռուսամետ իշխանություն և ռուսամետ ընդդիմություն: Այս համակարգում ընդունված չէ խոսել շատ հարցերի մասին, չի կարելի քննադատել ՌԴ-ին նույնիսկ Ադրբեջանին զինելու համար, չի կարելի ասել, որ ՄՄ-ն ձեռնտու չէ տնտեսական, քաղաքական առումով և հատկապես անվտանգության տեսանկյունից»,- նշեց նա՝ շարունակելով, որ սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ իշխանություններն իրականացնում են քաղաքականություն նաև ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ, սակայն արդեն նոր կարգավիճակով: Բայց Շահնազարյանը վստահ չէ, որ դա երկար կշարունակվի:
«Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, դիմակայություն է այս երկու թևերի միջև. դա պայքար է կոռուպցիոն լծակների համար»,- ասաց Շահնազարյանը:
Նա նաև անդրադարձավ Պուտին-Սարգսյան հեռախոսազրույցին և տարածված հաղորդագրությունը նման ձևակերպումներով համարեց հանցավոր:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ քիչ ուշ:










































