ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր՝ մարտի 20-ին, կժամանի Մոսկվա՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցությունների: Ռուսաստանի մայրաքաղաքում նա ծրագրում է հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը տեղի կունենա:
Պան Գի Մունը Մոսկվա կժամանի առավոտյան՝ Նյու Յորքից: Մայրաքաղաքում նա կմնա մեկ օր, որից հետո կուղևորվի Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Կիևում ևս Պան Գի Մունը մեկ օր կանցկացնի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցի հիմնական նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անմիջական բանակցությունների համար կանաչ լույս վառելն է՝ նշվում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունում:










































