Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական հաջորդ նիստը: Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ դատական նիստերն այլևս հանգիստ են ընթանում, և այսօր էլ այդպես կլինի: Կողմի հետ այլևս վիճաբանություն չեն սարքի:
«Նախորդ նիստն էլ հանգիստ ձևով, նորմալ անցավ: Լարվածություն կար, բայց իրենց փաստաբանը խոսեց նախորդ նիստին, մեր փաստաբան էլ վեր կացավ, խոսքերով դրանց դրեց տեղը, տեղադրվան, ու արդեն հանգիստ գնաց դատավարությունը: Վաղվա նիստն էլ հանգիստ ընթանալու է, կողմի հետ կապված արդեն լարվածություն չկա, հանգիստ նիստ է լինելու»,- ասաց Իշխան Ստեփանյանը: Նա նաև ասաց, որ այլևս դատական նիստերի ձգձգումից չի բողոքում, գոհ է, նիստերը ժամանակին կայանում են, ապա ավելացրեց. «Բայց ես պայքարելու եմ մինչև վերջ»:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի գործով դատական նախորդ մի քանի նիստեր անցել են ծայրահեղ լարված մթնոլորտում: Նիստերից մեկի ժամանակ Իշխան Ստեփանյանը փորձել էր իրեն ցած նետել դատարանի երկրորդ հարկից, ապա հաջորդ նիստին նիստերի դահլիճում ամբաստանյալի պաշտպանի և Ստեփանյանների միջև լեզվակռիվ էր սկսվել, որը վերաճել էր կռվի ու փոխադարձ հայհոյանքների: Դրանից հետո դատարանը հայտարարել էր, որ եթե այդպես շարունակվի, ստիպված կլինի նիստերը փակ անցկացնել:








































