Հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովը հեռուստադիտողներին հաղորդել է՝ «Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որն իրականում կարող է ԱՄՆ-ը վերածել ռադիոակտիվ մոխրի»: Լրագրող Ռոջեր Բոյզը զարմանալի չի համարում, որ այս ֆոնին Պուտինը թույլ տվեց իրեն պատերազմական գործողություն կատարել: Ի պատասխան՝ Արևմուտքը Պուտինի մի շարք օգնականների արգելեց բնակարաններ գնել սիրուհիների համար Քենսինգթոնում՝ գրում է The Times-ը:
Տխուր իրականությունն այն է, որ մենք պատրաստվում ենք վաճառել Ուկրաինան: Լրագրողի կարծիքով՝ ԵՄ որոշ առաջնորդներ ցանկանում են հետևյալ ելքը. Ղրիմը մնում է Պուտինի ձեռքում, Արևմուտքը և Կիևը համաձայնում են չընդունել Ուկրաինային ՆԱՏՕ և մեծացնել ռուսախոս փոքրամասնության դերն այս երկրում: Իսկ փոխարենը Պուտինը երդվում է Ուկրաինան չմասնատել, դեռևս չմասնատել:
Հեղինակը կտրականապես դեմ է: Եվրոպային պետք են հստակ սահմաններ՝ բարոյական և աշխարհագրական: Արևելքում այդ սահմանները պետք է տեղադրել՝ ցուցադրելով կոշտ ուժ, ինչը նշանակում է ՆԱՏՕ-ի դերի վերածնունդ և շեշտադրություն էներգետիկ անվտանգության վրա:
Բոյզը հստակ խորհուրդներ է տալիս՝ Ուկրաինային ներգրավել ՆԱՏՕ-ի գործունեության մեջ և օգնել երկրի զինված ուժերին, արդյունքում առաջարկել անդամակցել դաշինքին:
Թերահավատները զգուշացնում են, որ Ուկրաինային ընդունելով ՆԱՏՕ՝ Արևմուտքը խոստում կտա, որը չի կարող պահել: Հեղինակը հակադարձում է ՝ասելով, որ նպատակը պատերազմը կանխելն է, որպեսզի Կրեմլը կասկածներ ունենալով՝ վերանայի ռազմական գործողությունների ծրագիրը: Ընդ որում, ռազմական օգնության խոստումը իրականանալի է՝ ի տարբերություն Ուկրաինային ԵՄ ընդունելու խոստման:
Պուտինի հետ հարաբերություններում խնդիրները սկսվում են ոչ թե այն ժամանակ, երբ դու հաշվի ես առնում կոշտ ուժի տարբերակը, այլ այն ժամանակ, երբ այդ տարբերակը հաշվի չես առնում: Ինչ վերաբերում է տնտեսական միջոցներին, ապա Պուտինի վրա կազդի միայն այն, որ Եվրոպան այլևս կախվածություն չունենա իր նավթից և գազից:
Թող ԱՄՆ-ը ստանձնի առաջնորդի դեր ՆԱՏՕ-ի արևելյան սահմանում և մեղմացնի ամերիկյան վառելիքի արտահանման սահմանափակումը ԵՄ: Միայն այդ ժամանակ ԶԼՄ-ներում Պուտինին ծառայողները կդադարեն ասել, որ ԱՄՆ-ը կվերածեն ռադիոակտիվ մոխրի՝ ասվում է հոդվածում:







































