Սահմանադրության օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուժային կառույցների մի շարք ղեկավար պաշտոնյաների նոր կոչումներ շնորհելու որոշման մասին: Փաշինյանի նախաձեռնությունը վերաբերում է գրեթե բոլոր ուժային կառույցներին, սակայն ակնհայտ է, որ հանրության և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվել են հիմնականում Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի գեներալական ուսադիրները։
Որոշ վելուծաբաններ այս նախաձեռնությունը նշանային են համարում նաև այն իմաստով, որ երկրում շարունակում է դոմինանտ մնալ հին համակարգի ապամոնտաժման գործընթացը, ինչի ավանգարդում ուժային կառույցներն են։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանը, քաղաքագետներ Արմեն Բաղդասարյանը և Հայկ Սահակյանը:
Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ ոստիկանության համակարգում բազմաթիվ գեներալներ կան և նորմալ չէ, որ նրանց պետք է ղեկավարի գնդապետը, նույնը նաև Ազգային անվտանգության համակարգում է, առավել ևս, որ այդ պաշտոնները նախատեսում են որոշակի զինվորական կոչումներ: «Այստեղ արտառոց ոչինչ չկա, նույնիսկ ուշացած քայլ է: Քանի դեռ նախկինում կատարվածի բացահայտումները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, ուժային կառույցները առանցքային դերակատարում կունենան: Չարժի այս կոչումները տալուն կարևոր նշանակություն տալ»:
Արդյո՞ք կոչում ստացած պաշտոնյաները կատարած աշխատանքի համար են խրախուսման են արժանացել. այս հարցին ի պատասխան՝ Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ այդ կոչումներ տալը զարմանահրաշ բան չէ. «Բնական է, որ պետք է տեղի ունենար, միգուցե նաև կատարած աշխատանքի համար էր, բայց հույս ունենանք, որ դա կոգևորի, որ ավելի լավ աշխատեն: Հուսով եմ՝ այս կոչումները ոստիկանությանը «կարթնացնի» քնից և նա կհասկանա իր դերը… Նախկինում կատարված հանցագործությունները՝ նույնիսկ ամենափոքր, ԱԱԾ-ի վրա է դրված, դա նորմալ չէ: Ոստիկանությունն իր գործով պետք է զբաղվի, ԱԱԾ-ն՝ իր: Երբ որ ոստիկանությունը պասիվ է և ամեն ինչով ԱԱԾ-ն է զբաղվում, դա նաև ԱԱԾ-ի էֆեկտիվության վրա է ազդում:
Հայկ Սահակյանը հակադարձեց՝ նշելով. «Ինչի համար կոչում տալ, եթե որոշ ժամանակ առաջ վարչապետը հայտարարեց, որ ԱԱԾ արխիվներից կարևոր փաստաթղթեր են կորել, և ոչ ոք չիմացավ, թե մեղավորներն ովքեր են, հետո պարզվեց, որ դրանք Մարտի 1-ին վերաբերող խորքային նշանակություն ունեցող փաստաթղթեր են եղել, և դրանից հետո Ա. Վանեցյանը գեներալի ուսադիրներ է ստանում: Ինչ վերաբերում է ոստիկանապետին, ապա համարյա ամեն օր մարդիկ բողոքում են ոստիկանության աշխատանքից, եթե չասեմ անգործությունից, կարևոր գործեր կան, որ չեն բացահայում: Ոստիկանությունում և ԱԱԾ-ում փոփոխություն չի եղել՝ բացի գլխավոր պաշտոնյաների փոփոխությունից»:
Մանրամասն՝ տեսանյութում: