Կոլումբիայի Մեդելյին քաղաքում կայացավ Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր ասամբլեայի շրջանակներում Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի (Luis Almagro) հետ։ Հանդիպմանը նշվեց Կազմակերպության հետ համագործակցության դրական դինամիկան և շեշտվեց վերջինիս անձնական ներդրումը՝ Հայաստանի և Կազմակերպության միջև կապերի ամրապնդման գործում:
Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպումներ ունեցավ նաև Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Օլմես Տրուխիլյո Գարսիայի, Չիլիի արտաքին գործերի նախարար Տեոդորո Ռիբերա Նեումանի, Պերուի արտաքին գերատեսչության ղեկավար Նեստոր Պոպոլիսիո Բարդալեսի և Սենտ Լյուսիայի արտաքին գործերի նախարար Սարա Ֆլուդ-Բիբրունի, ինչպես նաև՝ Արգենտինայի փոխարտգործնախարար Գուստավո Զլաուվինենի, Պանամայի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Երիկա Մոույնեսի և Կազմակերպությունում Բրազիլիայի մշտական ներկայացուցչի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի հետ երկրների բարեկամական կապերի ամրապնդման կարևորությունը և տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Գլխավոր ասամբլեայի եզրափակիչ միջացառմանը Գրիգոր Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով:







































