Ոչ իշխանական քառյակը այսօր համաձայնության է եկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում և սկսելու է ստորագրահավաքը, որպեսզի արտահերթ նիստ գումարվի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով:
Այսպիսով՝ մի քանի շաբաթյա երկարատև քննարկումներից հետո քառյակը վերջապես կայացրել է որոշումը: Ի՞նչ էին մինչև հիմա այսքան երկար քննարկում՝ պարզ չէ: Քննարկում էին ստորագրահավաք սկսելո՞ւ հարցը, ժամկետների՞ հարցերը, թե՞ այլ հարցեր: Այս ամենն անորոշ է:
Սակայն շարունակում են որոշակի հարցեր մնալ, որոնց պատասխանները քառյակը դեռ չի տվել: Ի մասնավորի՝ եթե ՀՀԿ-ն մերժի կառավարության անվստահության հարցը, այսինքն՝ ինչպես միշտ, եթե ՀՀԿ-ն չգնա քվեարկության, բոյկոտի նիստը, և քվորումի բացակայության պայմաններում այն տապալվի, ի՞նչ է անելու քառյակը այդ դեպքում: Կրկին հավաքվելու են և սկսեն քննարկե՞լ կառավարությանն անվստահություն հայտնելու նոր օր ու ժամ, նոր ստորագրահավաք, թե՞ այս անգամ արդեն կսկսեն Սերժ Սարգսյանի անվստահության գործընթաց: Կամ միգուցե քառյակը հույս ունի, որ ՀՀԿ-ն չի՞ կարող բոյկոտել, քանի որ ՀՀԿ ներսում դաշնակիցներ ունեն:
Այսինքն՝ այդ դեպքում ըստ էության ստեղծվում է այնպիսի մի իրավիճակ, երբ ներիշխանական հեղաշրջումից հինգ րոպե պակաս մի վիճակ է, և եթե այդ դաշնակիցները աջակցում են ոչ իշխանական ուժերին քննարկման հարցում, ապա պետք է որ աջակցեն քվեարկության հարցում:
Այնուհանդերձ՝ եթե ՀՀԿ-ն ընդառաջի պահանջներին, և կառավարությանը, այնուամենայնիվ, անվստահություն հայտնեն և պաշտոնանկ անեն, ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս են չորս ուժերը ազդելու նոր կառավարության նշանակման հարցում, և ամենակարևորը՝ վարչապետի ի՞նչ թեկնածություն են նրանք ներկայացնելու:
Այս հարցին պատասխան չի եղել, մինչդեռ քառյակը խոսում է հասարակական աջակցության մասին: Ինչպե՞ս աջակցի հասարակությունը, եթե չգիտի, թե հատկապես ում են առաջարկելու որպես նոր վարչապետ, և եթե ընդհանրապես ֆորմալ տեսանկյունից նոր կառավարության կազմավորումը կրկին ՀՀԿ-ի ձեռքի լծակն է:
Ինչպես գիտենք, ԲՀԿ-ն հայտարարել է, որ պաշտոն չի ուզում, ՀԱԿ-ը հայտարարել է, որ նոր կառավարության մաս չի ուզում կազմել: Մնում են «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, թեև միամիտ կլինի կարծել, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն «Ժառանգության» կամ ՀՅԴ-ի համար են ճանապարհ հարթում:
Այսինքն՝ այս ամենից պարզ է դառնում, որ քննարկել-քննարկել են և վերջում եկել մի համաձայնության, որը, ըստ էության, պետք է լիներ քննարկելուց առաջ, այսինքն՝ այդ համաձայնությունը պետք է առնվազն առանց քննարկելու կայացված լիներ, և այդ համաձայնության հիմքի վրա պետք է լինեին մյուս քննարկումները:
Եվ ուրեմն՝ կամ քննարկում, որպես այդպիսին, չի էլ եղել և ի վերջո որոշվել է գոնե քննարկման կարիք չունեցող հարցում ինչ-որ բան անել՝ ընդհանուր զավեշտալի վիճակից դուրս գալու համար, կամ էլ կայացվել են պայմանավորվածություններ, որոնք, չգիտես ինչու, չեն ներկայացվում հասարակությանը, ինչը ևս տարօրինակ է, եթե քառյակը պատրաստվում է կառավարություն փոխել հասարակության աջակցությամբ և հասարակության համար:










































