Ադրբեջանական Salam News գործակալությունը, վկայակոչելով The Washington Times թերթին, նշում է, որ ԱՄՆ-ը մոտ է Եվրոպայում ստեղծվող հակահրթիռային վահանի շրջանակներում Թուրքիայի տարածքում ռադար տեղակայելու մասին համաձայնագրի կնքմանը.
Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներից մեկի խոսքերով՝ սպասվում է, որ այդ բանակցությունները կավարտվեն հաջորդ շաբաթ։ Նա կարծում է, որ Թուրքիայում տեղակայվելիք ռադիոտեղորոշիչ կայանն (ՌՏԿ) ավելի քիչ հնարավորությունների է տիրապետում իրանական հրթիռային սպառնալիքին հակազդելու համար, քան Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքում տեղակայվելիք ՌՏԿ-ն։
Անկարայի հետ պատրաստվող գործարքը մի շարք հարցականների տեղիք է տալիս։ Մասնավորապես, հուզում է այն, թե արդյոք Օբամայի վարչակազմը համաձայնե՞լ է Թուրքիայի այն պահանջին, որ այդ ՌՏԿ-ից ստացված տվյալները հասանելի չպետք է լինեն Իսրայելի համար։
Ջորջ Բուշ-կրտսերի օրոք Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգը (ՀՀՊ) ենթադրում էր Չեխիայում ՌՏԿ-ի տեղակայում և Լեհաստանում 10 հակահրթիռների տեղակայում, ինչը հարուցում էր Ռուսաստանի խոր դժգոհությունը։ Սակայն Բուշին փոխարինած Օբաման որոշակի ուղղումներ մտցրեց դրանում։
Այժմ ԱՄՆ-ը մտադիր է դա անել 4 փուլում։ Առաջին փուլում՝ մինչև 2011 թվականի վերջը, Միջերկրածովյան ավազանում պետք է տեղակայվեն հակահարթիռներով զինված ռազմանավերը, ինչն արդեն իսկ արված է, և Հարավային Եվրոպայում պետք է տեղակայվի ՌՏԿ։ Երկրորդ փուլում՝ մինչև 2015 թվականը, հակահրթիռների մոբիլ մարտկոցներ պետք է տեղակայվեն Ռումինիայում։
Ապա՝ մինչև 2018 թվականը, նույնպիսի մարտկոցներ պետք է ծավալվեն Լեհաստանում։ Իսկ մինչև 2020 թվականը այդ հակահրթիռները պետք է փոխարինվեն առավել կատարելագործված տարբերակներով, որոնք ունակ կլինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ողջ տարածքը պաշտպանել ոչ միայն միջին ու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներից, այլև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան երեք նախապայման էր առաջ քաշել սեփական տարածքում ամերիկյան ՀՀՊ տարրեր տեղակայելու թույլտվության համար.
ա) եթե անգամ ՀՀՊ համակարգն Իրանի դեմ ուղղված նախագիծ է, ապա Լիսաբոնյան որոշման մեջ չպետք է գրավոր նշվի այդ մասին, բ) նախագիծը պետք է ծառայի միայն ՆԱՏՕ անդամ երկրներին. թուրքական տարածքում տեղակայվելիք ՌՏԿ-ից ստացվելիք տեղեկությունները չպետք է հաղորդվեն Իսրայելին՝ որպես ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրի, գ) նախագիծը պետք է պաշտպանի ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները, ներառյալ Թուրքիան:







































