Գերմաներեն լեզվի հանրությունը հրապարակել է վերջին ժամանակներս Գերմանիայում գրանցված ամենաանսովոր և զվարճալի անունների ցուցակը: Այս մասին գրում է Heute թերթը:
Ցուցակում տեղ են գտել հունական և հռոմեական առասպելաբանության (Աֆրոդիտե, Պոսեյդոն, Հերմես, Դանայա և այլն), գերմանական առասպելաբանության (Վոտան, Ֆրեյա, Բալդուր, Լոկի) հերոսների շատ անուններ: Հավանության են արժանացել Շեքսպիրի հերոսների անունները՝ Համլետ, Մակբեթ, Օֆելյա, Օթելլո, Կորդելիա: Այս տարի շատ ընտանիքներ ընտրել են «Գահերի խաղը» սերիալից հերոսների անուններ՝ Դեյեներիս, Խալիսի, Ջորախ, Տիրիոն, Սերսեյա և այլն:
Հանդիպում են անուններ՝ ի պատիվ համաշխարհային էստրադայի աստղերի (Շակիրա, Ռիհաննա, Բյորկ, Ռի, Լեմմի) կամ այլ հայտնի մարդկանց՝ Մերկել, Տվեն, Ռոդեն: Որոշ անուններ ծագում են աշխարհագրական անուններից՝ Քուրդիստան, Ֆլորիդա, Ամստերդամ, Լոնդոն, Յենա, Մայն, Արգենտինա, Բեռն, Պոմպեա:
Որոշ անուններ զարմանք են հարուցում, սակայն դրանք իշխանությունների կողմից հավանության են արժանացել: Դրանց թվում են՝ Շալոմ, Խարրիկեյն, Տրիումֆ, Էդելվեյս, Սքայ, Կիվի, Լիմոն, Տեկիլա:
Կան անուններ, սակայն, որոնք իշխանությունները հրաժարվել են գրանցել: Դրանց թվում են՝ Լյուցիֆեր, Պինոկիո, ֆոն Մեեր, Բեթմեն, Ֆերրարի, Բանդիտո, Միկիլաուդա:







































