Մերձդնեստրը դիմել է Ռուսաստանին միանալու համար, որպեսզի Մոսկվան քննարկի դրա հնարավորությունը: Ղրիմից հետո սա ինչ-որ առումով սպասելի, իսկ ինչ-որ առումով էլ անսպասելի քայլ էր: Սակայն, անկախ ամեն ինչից, այն լիովին տեղավորվում է ղրիմյան տրամաբանության, այսինքն՝ ղրիմյան ճգնաժամում Ռուսաստանի գործողությունների տրամաբանության մեջ:
Ռուսաստանը չէր կարող որևէ կերպ չօգտագործել Մերձդնեստրի հանգամանքը Մոլդովայի եվրաասոցացման դեմ գործողությունների համար: Մոլդովան նախաստորագրել է Եվրաասոցացումը, սակայն ստորագրելուն դեռ ժամանակ կա, և Մոսկվան անկասկած կփորձի այդ ժամանակն օգտագործել և Ուկրաինայի նման չթողնել, այսպես ասած, վերջին պահին:
Ասել կուզի, որ այս գործողությունները լիովին վկայում են, որ Ղրիմով Ռուսաստանը սկսել է, սակայն չի վերջացնելու: Իսկ ինչու ենք խոսում Ղրիմով, և ոչ թե Աբխազիայով կամ Օսիայով սկսելու մասին: Որովհետև Աբխազիայի և Օսիայի պարագայում Ռուսաստանին առիթ տվեց վրացական սադրանքը, իսկ ահա Ղրմի դեպքում Ռուսաստանը, այսպես ասած, ավելորդ արարողակարգի հետևից չընկավ, ավելորդ ձևականությունների հետևից չընկավ, և հենց ինքը զորքով նախաձեռնեց գրոհը Ղրիմի վրա: Եվ այս իմաստով Ղրիմը իսկապես նախադեպ է, որի երկրորդ օղակը լինելու հայտ է ներկայացնում Մերձդնեստրը:
Այստեղ մենք մի փոքր կարող ենք մխիթարվել, որ երկրորդ օղակը չի լինելու Ղարաբաղը, որովհետև ոչ մի զարմանալի բան չէր լինի, հատկապես Զորի Բալայանի առկայության պարագայում, որ Ղարաբաղը դիմեր Ռուսաստանին միանալու կամ իրեն որևէ կերպ տիրություն անելու համար, արդեն պաշտոնապես, ոչ բալայանական նամակով: Այնպես որ լավ է, որ համաշխարհային զարգացումների այս սուր դիմակայության թեժ կետում հայտնվում է Մերձդնեստրը, ինչքան էլ որ տարօրինակ չի հնչում այս առիթով գոհունակություն հայտնելը: Սակայն մենք հայտնվել ենք մի ժամանակաշրջանում, երբ իսկապես գոհ պետք է լինենք, որ հայկական կողմում առկա մեծածավալ անհեռատեսության, քաղաքական և աշխարհաքաղաքական անգրագիտության, տկարամտության և ստրկամտության ու ռուսահաճության պայմաններում չենք կայացնում որոշումներ, որոնք մեզ կդնեն աշխարհաքաղաքական թիրախի դերում:
Մյուս կողմից էլ, մենք արդեն իսկ դրել ենք մեզ այդ դերում՝ հայտարարելով Մաքսային միությանը միանալու մասին և անվերապահորեն կատարելով Ռուսաստանի բոլոր պահանջները այս կապակցությամբ: Եվ այստեղ ուկրաինական կամ ղրիմյան ճգնաժամը և Մերձդնեստրում այս առումով նախանշվող շարունակումները մեզ ի ցույց են դնում մի ցավալի իրողություն կամ հեռանկար՝ կապված այն բանի հետ, թե ինչպիսի ընտանիքում է հայտնվում Հայաստանն իր անկախության երրորդ տասնամյակում:
Փաստորեն, անկախության երրորդ տասնամյակում մենք, ազգերի համաշխարհային ընտանիքում առաջավոր տեղերի ուղղութամբ աշխատելու փոխարեն, աշխատել ենք այնպես, որ, ըստ էության, մեր քաղաքական գործողությունները արդեն նույնականացվում և ըստ էության համեմատականի մեջ են հայտնվում, այսպես ասած, չճանաչված պետությունների կատեգորիայի հետ:
Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ Մերձդնեստրը հերթի մեջ փորձում է առաջ ընկնել, ժամանակն է մտածել այդ մասին, մտածել, թե ինչ կայսերապաշտ ընկերակցության մեջ ենք մենք դիմավորում մեր անկախ պետականության հասունության շրջանը:









































