Հայաստանի գործատուների հանրապետական միությունն այսօր մի շարք քաղաքական գործիչների, ԱԺ պատգամավորների, քաղաքագետների և սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ բացեց «Տնտեսություն և գործարարություն» անվանումը կրող ակումբ, որը մասնակիցների խոսքով՝ նախադեպը չունի ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք այլ երկրներում:
«Ակումբը նպատակ ունի հրավիրելու բոլոր քաղաքական կուսակցությունների վերլուծական միտք ունեցող անձանց և վերլուծական կենտրոնների մասնագետներին՝ քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտներում ռազմավարական և կիրառական բարձր կարևորության հարցեր, ինչպես նաև ձևավորելու տեսակետների պլատֆորմ դրանց վերաբերյալ: Ակումբը նպատակ ունի համախմբել բոլորին, բոլորի տեսակետները՝ անկախ քաղաքական կողմնորոշումից»,- ասաց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
Մասնակիցների խոսքով՝ ակումբը հնարավորություն կընձեռի պաշտպանել Հայաստանում ներդրումներ անողների շահերը, կնպաստի տնտեսության աճին, հանդես կգա տնտեսություն-գործարարություն կապը խթանող առաջարկներով, գաղափարները կքննարկվեն և կփոխանցվեն կառավարությանը և ԱԺ-ին, և դրանք հնարավոր կլինի օգտագործել հետագա ռեֆորմների համար:
Ակումբը, որպես արագ արձագանքման կառույց, կներկայացնի նաև ընդունվող ռեֆորմների և որոշումների վերաբերյալ իր պրոֆեսիոնալ տեսակետները:
Ակումբի բացմանը ներկա ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս կարևորեց ակումբի հիմնումը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա տնտեսությանը վերաբերող, տնտեսության հարցերով մտահոգ անձանց կարծիքները քննարկել, ողջամիտ լուծումներ գտնել:
«Հայաստանի բիզնես-կյանքում հստակ խաղի կանոններ չկան, հարկային օրենսդրությունը իրարամերժ դրույթներ է պարունակում, հստակություն չկա: Նման հարթակները պետք է այնպիսի հնարավորություն ստեղծեն, որպեսզի պետական չինովնիկները չկարողանան խանգարել բիզնեսին»,- իր հերթին ասաց ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Խաչատուր Քոքոբելյանը:











































