«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
– Պարոն Խզմալյան, Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում եք կատարել` հանդես գալով արվեստի ու մշակույթի գործիչների անունից և նշելով, որ ձեր համերաշխությունն եք հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող ազատագրական-հակագաղութային պայքարին: Ինչո՞ւ եք այդ մասին հայտարարում հիմա:
– Ընդունված է մտածել, որ քաղաքականությունը մի կեղտոտ բան է, մարմնավաճառության հետ են հաճախ համեմատում և ասում, որ արվեստով, մշակույթով զբաղված մարդիկ գործ չունեն, չպետք է «մղտռվեն», զբաղվեն նման հարցերով։ Ես կարծում եմ` նման բաներ ասում են մարդիկ, ովքեր քաղաքականությամբ զբաղվում են` ինչպես մարմնավաճառությամբ։ Իրականում քաղաքականությունը, ինչպես և արվեստը, մարդկանց, ազգերի, պետությունների հարաբերության, հարաբերվելու արվեստ է, այսինքն` քաղաքականությունը նույնպես արվեստ է, և մեծ հաշվով այնտեղ գործում են նույնպիսի պարկեշտության, ինչպես և գեղագիտության, նույնպիսի ֆիզիկական և տիեզերական օրենքներ, ինչպես և մնացած ամբողջ աշխարհում:
Ես, ինչպես և բոլորս, անհանգստությամբ, տագնապով դիտում եմ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, և քաջ գիտակցում եմ, որ դա ուղղակիորեն առնչվում է այն գործընթացներին, որ սկսվեցին Հայաստանում 88 թվականին, երբ ձեր սերունդը գրեթե չկար, իսկ մենք ձեր այսօրվա տարիքին էինք: Մենք հասկանում ենք, որ այս ամենը առնչվում է և 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգության հետ, նաև ուղիղ կապ ունի այն գործընթացի և վախճանի հետ, որ կունենա մեր կյանքը, ճակատագիրը, մեր սերունդը և երկիրը:
Կազատագրվե՞նք մենք գաղութային այս լծից, կազատագրե՞նք մեր երկիրը, ինչպես փորձեցինք ազատագրել Արցախը` գերության մեջ թողնելով Հայաստանը, թե՞ ոչ՝ այս հարցին այսօր պատասխանում է նաև Ուկրաինան, նախ և առաջ՝ որովհետև դա նույն հարցի կարևոր, միջանկյալ շրջադարձ է: Ռուսաստանում առկա է գաղափարական խոր ճգնաժամ, և այսօրվա վայ- հայրենասիրության այդ վերելքը շատ կարճ կյանք է ունենալու, ինչպես եղել է 1914 թվականին, 30-ականներին, երբ բոլոր այլախոհներին համարում էին թշնամի, 5-րդ շարասյուն:
Ցավոք, հայ հասարակությունը չունի իրեն վայել և մեզ բոլորիս անհրաժեշտ համատեղ բարոյական մոտեցում, այ դա է պատճառը, որ Ուկրաինայում առաջին նահատակը և հերոսը հայ է, և վարձկան խաժամուժի շարքերում, որոնց հարազատ եղբայրները նաև Երևանն են ահաբեկում, ևս Ուկրաինայի մեր հայրենակիցները կան. տարօրինակ չէ և շատ ցավալի է, որ հայերն այստեղ փորձում են լինել ավելի ռուս և կայսերապաշտ, քան նույն կայսերապաշտ ռուսները։ Սակայն լավագույն անունները, կերպարները, որ կան ռուսական մշակույթի մեջ, արտահայտեցին վերջին օրերին եղբայրական ուկրաինական ժողովրդի և իրենց ազատատենչ պայքարի ոգին:
Ես արձագանքեցի մեր վաղեմի բարեկամ և իմ անձնական բարեկամ ու ընկեր, Հայաստանում Ուկրաինայի բազմամյա դեսպան Բոժկոյի կոչին, որն ուղղակի գրել էր ուկրաիներեն և հայերեն` որտե՞ղ են հայ մտավորականները, ավելի ճիշտ` նա ընդգծեց` արվեստագետները. ես երկու օր այդ կոչից հետո սպասեցի և արձագանք չգտնելով` գրեցի մի կարճ, իմ կարծիքով` բավական զուսպ նամակ, կոչ արեցի ստորագրել արվեստագետներին, մարդկանց, ովքեր արվեստով են զբաղվում, ոչ թե ընդհանրապես մտավորականներին, ստացա արձագանքները` և՛ մերժումներ, և՛ ստորագրություններ, թվով շուրջ երեսուն ստորագրություն եղավ առաջին քսանչորս ժամում:
– Ի՞նչ դասեր տվեց Մայդանը հայ հանրությանը, քաղաքական գործիչներին, հասարակական սեկտորին:
– Կան բազմաթիվ դասեր. այս ամենը լուրջ ներազգային վերլուծություն է պահանջում: Մայդանն այն իդեալական պետության և ժողովրդավարության նմուշը, կաղապարը ստեղծեց, որի առջև ծնկի եկան քաղաքական և կուսակցական ուժերը: Շատ բնորոշ և կարևոր է, դա, ի միջի այլոց, Մայդանի, ուկրաինական հեղափոխության հաղթանակի (թեև ոչ մի բան ավարտված չէ, բայց այս փուլում հեղափոխությունը հաղթող է) գրավականն է. Մայդանում չկար առաջնորդ։ Մենք միշտ ձգտում ենք մեր ճակատագիրը հանձնել մեկ անձի, մեր ամբողջ էներգիան, հույսերը, հույզերը փոշիանում են, երբ այդ առաջնորդը կամ առաջնորդող ուժը փոշիանում է, ծռվում, ծալվում, գործարքի է գնում. դա եղել է 2008-ին, նաև 2013-ին` ընդամենը մեկ տարի առաջ։ Մենք այլևս իրավունք չունենք նման շռայլություն թույլ տալու:
Երկրորդ կարևորագույն դասը, որ ես տեսա. Մայդանը երկար ամիսներ սարսափելի պայմաններում դոփում էր տեղում, և այդ դիմադրությունը չէր ստանում իրավական և պետաշինարարական, եթե կարելի է այդպես ասել՝ բնույթ, մինչև չստեղծեցին Ժողովրդական խորհրդարանի նշույլներ, որ հիմա հանդիսանում է ամենագործնական և հեղինակավոր ուժը Ուկրաինայում: Նախախորհրդարանը մեկուկես տարի շարունակ պնդում է, որ այսպես` զուգահեռ և այլընտրանքային իշխանական խորհրդարան ընտրելու դեպքում մենք կստանանք այն բաղձալի հակակշիռը, որ թույլ կտա խուսափել ներքին և արտաքին ցնցումներից, և իշխանափոխությունն ու ամենակարևորը` համակարգի փոփոխությունը կընթանան ավելի սահուն ու անվտանգ Հայաստանի համար:
Մանրամասները` տեսանյութում:










































