«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
– Տիկին Գևորգյան, Ղրիմը հայտարարվել է անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն, որից հետո այն, ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են լինելու Ռուսաստանի հերթական գործողությունները Ղրիմում և Հարավարևելյան Ուկրաինայում:
– Ղրիմն ու Հարավարևելյան Ուկրաինան տարբեր հարթությունների վրա են՝ չնայած վերջին երկու շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Մոսկվան հակված է միակողմանի որոշումներ ընդունելու՝ բավականին արագ հաշվի առնելով, որ Ուկրաինայի կենտրոնական կառավարությունը բավական անկայուն վիճակում է և չի կարողանում վերահսկել ողջ երկիրը՝ հատկապես հարավարևելյան շրջաններում: Բայց իմ կարծիքով՝ շատ դժվար կլինի Մոսկվայի համար բացատրել, թե հարավարևելյան շրջանների նկատմամբ ինչ պահանջներ կարող են ունենալ՝ բացի նրանից, որ այնտեղ մեծամասնությունը ռուսախոսներ ու էթնիկ ռուսներ են: Եթե Ղրիմն ուներ ավտոնոմ, ինքնավար հանրապետության կարգավիճակ, ապա այս շրջանները չունեն: Ըստ Սահմանադրության՝ այդ հատվածները պետք է լինեն Կիևի հսկողության ներքո, ղեկավարվեն Կիևի կողմից, իսկ Ղրիմն այլ կարգավիճակ ուներ:
Եթե իսկապես նման նպատակներ ունի, ապա Մոսկվայի համար իրավական տեսանկյունից դժվար կլինի բացատրել և արդարացնել իրենց քայլերը, որովհետև նույն հաջողությամբ ցանկացած երկրում, որտեղ էթնիկ մեծամասնություն կա, բայց չկա ինքնավարության կարգավիճակ, շրջանները կարող են որոշել երկրից հեռանալու մասին: Արևելյան Ուկրաինայում այս առումով չկան իրավական ինստիտուտներ, և այս պարագայում դա շատ դժվար է:
Բացի դրանից՝ արդեն Ղրիմը բավականին մեծ խնդիր ու մեծ գլխացավանք է ՌԴ-ի համար, և դեռ պարզ չէ, թե Ռուսաստանն արդյոք նույնքան արա՞գ կընդգրկի Ղրիմը, որքան արագ նշանակվեց հանրաքվեն: Միգուցե որոշում կայացվի չընդգրկել Ղրիմը, այլ թողնել որպես չճանաչված անկախ պետություն:
– Դուք հակված եք մտածել, որ ՌԴ-ն կմիացնի՞ Ղրիմը, որը լի է իր համար լուրջ վտանգներով, թե՞ կթողնի Ձեր նշած՝ չճանաչված անկախ պետության կարգավիճակում:
– Քանի որ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում իրադարձությունները շատ ավելի էմոցիոնալ են և ոչ պրագմատիկ, իմ կարծիքով՝ փաստը, որ ՌԴ-ն դեռ արագ որոշում չի կայացրել Ղրիմը ՌԴ-ին միացնելու մասին, արդեն իսկ ենթադրելու առիթ է տալիս, որ այնտեղ սպասում են Արևմուտքի արձագանքին: Իմ համոզմամբ՝ Ղրիմն անկայունության աղբյուր է Ուկրաինայի համար, և եթե իրադարձությունների նպատակն այն է, որ ՌԴ-ն լծակ ունենա Ուկրաինայի վրա, ապա թերևս աշխարհաքաղաքական տեսանկյունից ճիշտ կլինի ՌԴ-ի համար պահել Ղրիմը ԼՂ-ի կարգավիճակով, այսինքն՝ չճանաչված և վիճարկելի կարգավիճակով: Սա ձեռնտու է Ռուսաստանին, ինչը կնշանակի, որ Ուկրաինան, ինչպես Վրաստանը և ցանկացած այլ հետխորհրդային երկիր, դառնում է այն երկրներից մեկը, որը չունի հստակ որոշված սահմաններ, այլ ունի գոնե մեկ կամ երկու պետությունների կողմից վիճարկելի սահմաններ:
– Այսօր տարածաշրջանը բավականին դինամիկ զարգացումների կիզակետում է, և հետխորհրդային բոլոր երկրներում էլ էսկալացիայի մտավախություններ կան: Արդեն տեսանելի է, որ աշխարհաքաղաքական հակամարտության հաջորդ թատերաբեմը Թուրքիան է: Տարածաշրջանն անվտանգության տեսանկյունից անպաշտպան է: Ինչպե՞ս պաշտպանել տարածաշրջանը:
– Տարածաշրջանային վերջին իրադարձությունները՝ գունավոր հեղափոխությունները, ոչ գունավոր հեղափոխությունները, ցույց են տալիս, որ երբ կյանքի մակարդակը բարձրանում է, այն երկրների իշխանությունները, որոնց կառավարությունները հիմնված են կոռուպցիոն պրակտիկայի վրա, նաև՝ քաղաքական կուսակցությունները իրենց սպառում են՝ ինչպես փորձն է ցույց տալիս թե՛ Ուկրաինայում, թե՛ Թուրքիայում: Մենք տեսնում ենք, որ առաջին պլան են մղվում, այսպես կոչված, քաղաքացիական շարժումները: Դրանք հետաքրքրված են առաջին հերթին այն բանով, որ լինի աշխատող տեխնոկրատ համակարգ, որտեղ չկան գաղափարախոսություններ, կուսակցություններ, կլաններ: Ինձ թվում է՝ այս նույն գործընթացը մենք կտեսնենք նաև հետխորհրդային այլ երկրներում:
Օլիգարխիկ համակարգերն այլևս չեն աշխատում, որովհետև ամենամեծ վնասը, որ մարդիկ տեսնում են, ոչ թե անարդարությունն է և այլն, այլ այն, որ մարդիկ չունեն տնտեսական հնարավորություններ:
– Բայց այդ ճանապարհին երկրները հանդիպում են ՌԴ դիմակայությանը, որը վստահաբար ավարտվելու է Ղրիմի օրինակի կրկնությամբ՝ միգուցե այլ տեսքով: Ինչպե՞ս պետք է պաշտպանել տարածաշրջանը:
– Ղրիմի անջատումը միայն ՌԴ հատուկ քաղաքականության արդյունքը չէր: Կիևի կառավարությունը մեծ սխալներ գործեց, որը առիթ տվեց, որպեսզի ՌԴ-ն էլ օգտվի այդ առիթից: Ղրիմն այնքան էլ ճիշտ օրինակ չէ: Որքան էլ ուժեղ լինի ՌԴ ազդեցությունը, տեղի բնակչությունը եթե կարողանա շարունակաբար քայլեր ձեռնարկել, կարող է հասնել փոփոխությունների. դրա վառ օրինակը Թուրքիան է: Պետք չէ գերագնահատել դրսի ազդեցությունը:
– Ես դիտարկեցի Ղրիմը որպես նախադեպ, որովհետև Ղարաբաղը ևս շատ հաճախ շահարկումների առարկա է դառնում, ինչպես օրերս, երբ Ժիրինովսկին հայտարարեց, թե լավագույն լուծումը ԼՂ-ն ՌԴ-ի կազմ մտցնելն է: Այսինքն՝ բոլոր երկրներն ունեն այս մտավախությունը:
– Ես չեմ կարող այդ մարդու հայտարարությունները լուրջ ընդունել, որովհետև աբսուրդ հայտարարություններ բավականին հաճախ է անում: Այնպիսի կոնֆլիկտների պարագայում, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է, որը 20 տարուց ավելի է՝ շարունակվում է, դժվար է միջազգային իրավունքի տեսանկյունից քայլեր ձեռնարկել՝ մանավանդ, երբ ԼՂ-ն չունի ընդհանուր սահման ՌԴ-ի հետ: Եթե նման հետաքրքրություն ունենա ՌԴ-ն, ապա Մերձդնեստրը շատ ավելի հարմար տարբերակ է իր համար: Այն, որ ԼՂ-ն լծակ է Հայաստանի վրա՝ անտարակույս է, և այդպիսին կշարունակի մնալ: Հարցն այն է, որ մեր շահերն էլ թույլ չեն տալիս, որ հարցը լուծվի, քանի որ դեռ չկա լուծման մեզ բավարարող տարբերակը:
– Ամեն դեպքում՝ Դուք չե՞ք տեսնում հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար անվտանգության օպտիմալ համակարգի անհրաժեշտություն, մի անցումային համակարգի, որը հնարավորություն կտա ապահովել այդ երկրների անվտանգությունը՝ մինչ ՆԱՏՕ-ին անդամակցելու առարկայական հեռանկարները:
– Ես չեմ տեսնում ժամանակավոր լուծում ու չեմ կարծում, թե անվտանգության հարցն այդքան լուրջ է: Մենք պետք է միշտ զգույշ լինենք, հռետորաբանությունը պետք է իրականությունից և հնարավորությունից տարբերենք: Փորձը ցույց է տալիս, որ նույն Աբխազիայի և Հրվ. Օսիայի դեպքում պատճառներ չկային, այդ առիթները ստեղծվեցին. Ղրիմի դեպքում էլ առիթները ստեղծվեցին: Ես չեմ փորձում արդարացնել ՌԴ-ին, բայց մյուս կողմից՝ ես չեմ կարծում, որ Ուկրաինայի նոր իշխանություններն իրենց անթերի դրսևորեցին հեղափոխության շրջանում: Նրանք բավականին մեծ սխալներ թույլ տվեցին՝ հատկապես չկարողանալով շփվել արևելյան շրջանների հետ, նրանց ևս բերել մայդան. այդ ամենն օգնեց ՌԴ-ին:
Բացի դրանից՝ ամենավտանգավոր ասպեկտն այստեղ աշխարհաքաղաքական խաղի մեջ մտնելն է: Յանուկովիչը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին փորձում էր ամենաշատ գումարը կորզել՝ լինի ՌԴ-ից, թե ԵՄ-ից, Վրաստանն էլ նույն փորձերը կատարեց: Հիմա խնդիրն այն է, որ հետխորհրդային տարածքում ոչ թե Ռուսաստանն ունի նկրտումներ, այլ Արևմուտքը չունի հստակ քաղաքականություն հետխորհրդային երկրների նկատմամբ՝ ընդամենը թեթև աջակցություն են հայտնում ժողովրդավարական ուժերին, բայց ավելի շատ հետաքրքրված են, որպեսզի կայուն լինի, ինչը վերջերս չի ստացվում պահպանել: Իրենց համար հետխորհրդային տարածքը չունի կարևորություն: Ուստի ստեղծվել է մի իրավիճակ, որում Ռուսաստանը բնականորեն առաջնորդի դեր է ստանձնում: Ուստի ես չեմ կարծում, թե ՌԴ-ում դավադրություն են կազմակերպում, պարզապես ՌԴ-ն տեսնում է, որ կա հնարավորություն, և օգտվում է այդ հնարավորությունից:
– Ի՞նչ է սպասվում տարածաշրջանին առաջիկայում՝ Ղրիմում կայացած հանրաքվեից հետո:
– Թվում է, որ Ղրիմի հանրաքվեն անկայունության մի նոր գլուխ է բացում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Եթե ՌԴ-ն կարողանա այս հարցը լոկալիզացնել, այսինքն՝ թողնել այնպես, ինչպես հիմա է, ապա գուցե ՌԴ-ն կարողանա սա պահել որպես ջլատված խնդիր և միշտ էսկալացիայի պոտենցիալ կլինի: Չեմ կարծում, որ տարածաշրջանը հանդարտվի ու հանգստանա, ի վերջո՝ օջախները պահվում են քիչ թե շատ չլուծված, քանի որ Մոսկվան հետաքրքրված չէ հակամարտությունների լուծմամբ, քանի որ զբաղվում է հակամարտությունների մենեջմենթով: Այսինքն՝ իրենք ղեկավարում են հակամարտությունները: Արևմուտքը ցույց տվեց, որ ոչ ի վիճակի են, ոչ էլ ցանկություն ունեն այդ տիպի հակամարտություններ լուծելու, որովհետև տարածաշրջանում հստակ ռազմավարություն չունեն:
– Հայաստանի դերակատարությունը ո՞րը պետք է լինի:
– Դժվար է ասել: Հայաստանի հստակ հայտարարությունը կարող է շրջվել ՀՀ-ի դեմ՝ այն դեպքում, երբ ԵՄ-ն ևս չի կողմնորոշվել, թե ինչ ճանապարհ պետք է որդեգրի: Շատերն են դեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, ու չի բացառվում, որ ՌԴ-ն կարողանա հեշտությամբ Ղրիմը վերցնել: Քանի որ անորոշության գործոնը շատ մեծ է, նման պայմաններում հստակ կանխատեսումներ անելը բարդ է:











































