Կազանյան հանդիպումից հետո միջազգային հանրությունը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, և անգամ կան հայտարարություններ, որոնցում նշվում է, որ պետք է մինչև տարեվերջ ԼՂ հարցում կողմերը գան համաձայնության: Նկատենք, որ եռակողմ հանդիպումներից հետո շատ քիչ էր նման ակտիվություն արձանագրվում:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ այդ ակտիվությունը կապված է Ադրբեջանի կողմից հնչող ռազմական հայտարարությունների հաճախակիացման հետ: Նրա գնահատմամբ` ադրբեջանական ռազմական սպառնալիքներն արդեն գրավում են միջազգային հանրության ուշադրությունը, և միջնորդներն այժմ ուզում են կողմերից ստանալ մի փաստաթուղթ, որը թեև չի լինի լուծում, քանզի դա անհնար է միայն այն պատճառով, որ կողմերի մոտեցումները հակառակ են, սակայն կհանդիսանա մի գրավական ռազմական գործողությունների չվերսկսման և կայունության պահպանման համար:
«Այդ փաստաթուղթը կհաստատի, որ կողմերը պատրաստ են ընդունել ընդհանուր սկզբունքները, ինչն էլ կնշանակի, որ մոտակա տարիներին կողմերը բանակցելու են նրա շուրջ, թե ինչպես են իրականացնելու այդ սկզբունքները, բայց նաև այն կհանդիսանա ռազմական սպառնալիքները չեզոքացնելու բավականին արդյունավետ միջոց»,- մանրամասնեց Մինասյանը և հավելեց. «Բոլորն էլ գիտեն, թե ինչ պատճառով Կազանի հանդիպումը չբերեց այն արդյունքի, որին սպասում էին արտաքին դերակատարները»:









































