ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Time պարբերականի թղթակիցների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկին բանտով է սպառնացել, փոխանցում է CNN-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին, Սպիտակ տանը։ Թրամփն իբր լրագրողներին ցույց է տվել նամակը, որը գրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և նախօրեին իրեն ուղարկել։ Դրանից հետո նա լրագրողներին խնդրել է աշխատել «ոչ ձայնագրության համար» ռեժիմով, որպեսզի նրա հետագա մեկնաբանությունները մամուլում չհայտնվեն։ The Time-ի լրագրողը փորձել է լուսանկարել նամակը, սակայն մամուլի քարտուղար Սարա Սանդերսն ասել է, որ դա արգելված է։
Իր հերթին Թրամփն ասել է, որ լրագրողը կարող է բանտում հայտնվել, եթե օգտագործի նամակի լուսանկարը։ Քաղաքական գործիչը նաև լրագրողներին կոչ է արել «իր հետ այդ խաղերը չխաղալ»։
«Ես ձեզ ասացի՝ դուք կարող եք տեսնել նամակը, բայց ոչ ձայնագրության/հրապարակման համար։ Դա չի նշանակում, որ դուք վերցնում եք ձեր տեսախցիկը և սկսում լուսանկարել։ Հասկանալի՞ է»,-հայտարարել է Թրամփը։










































